Հայ ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը շնորհակալ է Աստծուն իր բոլոր դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար: Անվանի կոմպոզիտորն այս մասին խոստովանեց «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում' իր արվեստը գնահատողների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:
Տիգրան Մանսուրյանն իր ընկերների մասին
Այն ընկերությունը, որ ժամանակին կար, շատ բովանդակալից, լեցուն էր: Եթե երիտասարդ տարիքում աչքի էիր ընկնում, անմիջապես արվեստագետների ընտանիք էիր մտնում: Ես Մարտիրոս Սարյանի տանը հաճախ էի լինում. մեր միջև պապիկի և թոռան հարաբերություններ էին:
..Աստված իմ, ի~նչ ընտանիք էր, չկարծեք, որ իդեալական հարաբերություններ ունեինք արվեստագետներով: Պարույր Սևակը շատ կռվարար էր, բուռն վեճեր էին լինում իր հետ կապված: Եվ բռնկուն մարդ էր, և մեծ եղբայր:
Հայ երաժշտությունը երկու թև ունի. մեկը ժողովրդականն է, մյուսը' հոգևորը
Աղոթել երաժշտությամբ' նշանակում է ինքդ քո մեջ լինել: Ես կինոերաժշտություն վաղուց չեմ գրում, սովորաբար խուսափում եմ:
…Արթիկում եմ մեծացել, իմ հին օրերի երգերը Շիրակի դաշտի երգերն են: Բացի թուրքական երգերից, բոլոր ժողովուրդների երգերը սիրում եմ, ականջս վիրավորում է թուրքերենը:
Կինս կարմիր դիպլոմ ստացավ, ես' կապույտ
Կնոջս հետ միասին ընդունվեցինք կոնսերվատորիա, միասին ավարտեցինք: Նա' կարմիր, ես'սովորական դիպլոմով. հասցնում էր ամեն ինչ, թեև մեր առաջնեկն էլ այդ ժամանակ արդեն ծնվել էր: Երաժշտագետ էր, երբևէ չփորձեց մանկավարժությունից դուրս գալ: Կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ' գրախոսություններ անել, բայց միայն զբաղվեց մանկավարժությամբ: Համարում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու, մտածում էր, որ ինչ գրի'ասելու են, թե նաև իմ կարծիքն է: Լավ կյանք ապրեցինք միասին: Երբ գիտեինք, որ հիվանդ է, որոշեցի մի գործ նվիրել'«Արվեստ քերթության» շարքը: Նա ինձ հիշեցրեց, որ ժամանակին Չարենցը մեզ հետ էր, երբ ամուսնացած չէինք, և այգում իր համար հենց նրա գործերից էի կարդում:
Կոմիտասին նվիրված նոր ֆիլմի համար երաժշտություն գրել-չգրելու մասին
Ես էլ մամուլից իմացա, որ նման բան եմ գրում: Ում եմ խոստացել' չեմ հիշում: Մալյանի հետ Կոմիտասի մասին երկու մասանոց ֆիլմ պետք է անեինք: Բայց այս ֆիլմի մասին տեղյակ չեմ:
Կոմիտասը' սրբություն
Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է: Նա իր գործունեության ընթացքում տարբեր շերտերում է աշխատել: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը: Երգեր կան, որ մերը չեն, բայց ժողովուրդը սիրել է այդ երգերը և կատարում է, օրինակ' «Ծիծեռնակը», որ Եվրոպայից է եկել: Երգեր կան, որոնց մեջ այնքա~ն լույս կա:
Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ
Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ, ովքեր արտասահմանում են կայացել, օրինակ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը: Չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Երբ հայրենադարձվում էինք Հայաստան, հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Չիմանաք, թե հեշտ էր այդ տարիներին ինտեգրվել Հայաստանում: Բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի: Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել, մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: