Հրանտ Թոխատյանը անառարկելիորեն Երեւանի խորհրդանիշ համարվող մարդկանցից է: Մեր զրույցն էլ այս անգամ երեւանյան ստացվեց ու ամփոփելով կարելի է վստահ ասել՝ բարի զրույց էր: Դերասանը պատմեց Լեոնիդ Ենգիբարյանի հետ հանդիպման, իր ընդունված, բայց երբեմն չավարտած ո՛չ ավել, ո՛չ պակաս երեք ԲՈւՀ-երի, հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատելու տարիների, ինչպես նաեւ Կամերային թատրոնի հիմնադրման պատմության մասին: Բայց այս ամենը սկզբից ու հերթականությամբ NEWS.am STYLE-ի համար:

Որտեղի՞ց սկսենք, պարոն Թոխատյան:

Սկզբի՛ց:

Ո՞րքան սկզբից:

Ո՞նց…մանկապարտեզի՜ց

Այո՜…Այդքան սկիզբ չէի պատկերացնում…Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել Ձեզ հետ մանկապարտեզում:

Շատ հետաքրքիր դեպքեր են եղել: Օրինակ հիշում եմ 3 տարեկան էինք՝ 1961 թվին մանկապարտեզի մեր խմբով փուչիկներով ու դրոշակներով գնացինք այն ժամանակ Լենինի անվան հրապարակ՝ ողջունելու Յուրի Գագարինին:

Հանդիպեցի՞ք նրա հետ:

Ոչ: Նա հետո եկավ Հայաստան: Մենք այդ օրն այդտեղ էինք ողջունելու նրա առաջին թռիչքը՝ տիեզերք, մինչեւ այսօր հիշում եմ այդ օրը: Մանկության հիշողություններս կապված են նաեւ ծնողների ու բակի ընկերներիս հետ, բայց դրանցից ամենավառը երեւի մեր կրկեսն էր՝ Իսահակյանն իր կենդանիներով, այն ժամանակ շատ հայտնի ակրոբատ ամուսիններ կային, իրենց արծիվով համարն էր մեջս շատ տպավորվել, բրոնզե արձան հիշեցնող երեք եղբայրների հնարքներն են անջնջելի հետք թողել, իսկ այդ ամենի գագաթնակետն իհարկե Լեոնիդ Ենգիբարյանն էր: Մի անգամ , դեռ դպրոցական էի, Մոսկվայում առիթ ունեցա անձամբ հանդիպելու նրան: Մենք նույնիսկ լուսանկարվեցինք միասին…Ցավոք այդ լուսանկարն այդպես էլ ինձ չհասավ, բայց Ենգիբարյանի հետ հանդիպումն անկասկած մեծ ազդեցություն թողեց ինձ վրա:

Ես լսել եմ ծաղրածու դառնալը ժամանակին Ձեր երազանքներից մեկն է եղել:

Եղել է, այո: Հենց իր ազդեցությամբ ձեւավորված երազանք էր դա: Հետագայում, երբ ես բեմ բարձրացա, ինչ – որ չափով այդ երազանք իրականություն դարձավ, մանավանդ այն ոճը, որ նախընտրեցի ես թատրոնում՝ ինչո՞ւ ոչ նաեւ կլոունադայի էլեմենտներ էր պարունակում: Մինչեւ հիմա էլ իմ խաղացած դերերից շատ շատերում կա այդ ժանրը:

Հե՞շտ է լինել ընտանիքի միակ զավակը:

Քանի որ ես ուշ ծնված երեխա էի, բացի այդ, այո, ընտանիքի միակ զավակը, գուցե այդ պատճառով չափից դուրս ուշադրության էի արժանանում: Իմ ծնողները միշտ ըմբռնումով էին մոտենում իմ ցանկացած արարքի: Երբեք որեւէ արգելք չի եղել: Միակ բանը, որ ինձ արգելված էր՝ նույնիսկ տաբուի աստիճան՝ դահուկ, չմուշկ, հեծանիվ եւ այլն: Այսինքն՝ իրեր, որոնցից վնասվելու հավանականությունը շատ մեծ էր: Ի դեպ ես հաճախ էի շրջանցում այդ արգելքը, որ հիմանակնում մորս կողմից էր: Հայրս սպորտսմեն էր՝ ավտոռալիստ, իսկ ես մեքենա վարել բավական ուշ եմ սկսել:

Առհասարակ ինձ ազատության մեծ չափաբաժին էր տրված:

Ես չգիտես որտեղից լսել եմ, որ դուք Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում եք սովորել:

Այո, սովորել եմ: Ես նույնիսկ Ֆիզիկայի ֆակուլտետում եմ սովորել…

Էդ ո՞նց եք հասցրել: Որտե՞ղ եք առաջինը ընդունվել:

Ֆիզիկայի ֆակուլտետ, որովհետեւ այն ժամանակ միայն այդտեղ ՈւՀԱ-ի թիմ կար:

Հանուն ՈւՀԱ-ի՞

Այո:

Հետո երբ ՈւՀԱ-ի թիմը փակվեց, տեղափոխվեցիք Բրյուսո՞վ:

Այո: Դե ինձանից ի՞նչ ֆիզիկոս…

Ինձ հետաքրքիր էր մանկավարժությունը, ընտրեցի լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի բաժինը: Դա իմ մասնագիտությունն է:

Իսկ դերասանական կրթությունը ե՞րբ հասցրեցիք:

Երբ Կամերային թատրոնը պետական ստատուս ստացավ, պարտադիր պահանջ էր, որ դերասանական կազմի 70 – 75 տոկոսն ունենար պրոֆեսիոնալ կրթություն: Մեր միջից շատ քչերն ունեին՝ Ժենյա Պատպամոգովան, Միքայել Պողոսյանն ու Վիգեն Չալդրանյանը: Ես ու ընկերներիցս մի քանիսը ընդունվեցինք Հայֆիլմ կինոստուդիային կից ուսումնական հաստատություն, որտեղ հրաշալի ուսուցիչ ունեցանք՝ լուսահոգի Դմիտրի Կեսայանցը:

Ասում են մի ժամաանակ Դուք Օշականում ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ եք աշխատել: Այո՞:

Վա՜յ, էս ինչքա՜ն բան գիտեք Դուք իմ մասին… (ժպտում ենք): Այո, եղել եմ: Ես երրորդ կուսի ուսանող էի, երբ գնացի Օշական ու սկսեցի աշխատել տեղի հանրակրթական դպրոցում: Էն ժամանակ կար էդպիսի հնարավորություն՝ մանկավարժության առարկայից հանձնում էիր պետական քննություն ու իրավունք ստանում դասավանդել մարզային որեւէ դպրոցում: Գիտեք հիմա երբեմն հանդիպում եմ իմ նախկին աշակերտներին. ո՛չ ընկերներս, ոչ ՛ զավակներս եւ առհասարակ ո՛չ ոք չի կարողանում հավատալ, որ նրանք երբեւէ իմ աշակերտներն են եղել, որոնց ես դպրոցական տարիներին Օշականում ռուսավ լեզու եւ գրականություն եմ դասավանդել: Նրանք համարյա իմ տարեկիցներն էին:

Անկեղծ ասած մի քիչ խորթ է պատկերացնել Ձեզ մանակավարժի կերպարում:

Չէ՜… ես շատ լավ ուսուցիչ եմ եղել …

Օրինակ ինչպիսի՞ն: Հանդուժո՞ղ, ներո՞ղ, թե՞ հինգեր շռայլող:

Երեք - չորս տարի աշխատեցի դպրոցում եւ եկավ մի պահ, երբ հասկացա, որ իսկապես ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ու երբ ստիպված էի կանգնել թատրոնի եւ դպրոցի ընտրության առաջ, ինձ համար չափազանց դժվար իրավիճակ ստեղծվեց: Ես չէի կողմնորոշվում:

Եւ այնուամենայնիվ ընտրեցիք թատրոնը:

Այո: Թատրոնը հաղթեց: Բայց մինչեւ այսօր էլ մնացել է սերը մանկավարժության նկատմամաբ: Հենց հիմա էլ ես կվերադառնամ իմ այդ մասնագիտությանը եւ հատկապես դպրոց:

Փաստորեն Դուք Կամերային թատրոնի հիմնադիրների՞ց եք:

Առաջիններից մեկը: Կամերային թատրոնն իմ երկրորդ հայրական տունն է, որտեղ Արա Երնջակյանի ու ընկերներիս շնորհիվ ձեւավորվել եմ որպես անհատ: Ես գիտեմ այնտեղ յուրաքանչյուր մեխ ինչպես եւ որտեղ է խփված: Ճիշտ է, շատ բաներ են փոխվել տարիների ընթացքում, բայց ճարտարապետական տեսքն ու հիմքը նույնն են մնացել:

Ի՞նչ տվեցին Ձեզ Կամերային թատրոնում անցկացրած տարիները, ո՛չ որպես դերասանի, այլ ուղղակի՝ որպես անհատի:

Շա՜տ բան տվեցին: Շնորհիվ կամերայինի էր, որ մենք զերծ մնացինք ամեն տեսակ աստղային բացիլներից, հուսով եմ ես չմեծամտացա ու դա նույնպես Կամերայինի վաստակն էր:

Հակազդեցության այդ ի՞նչ դեղատոմս ուներ Կամերայինը:

Դա յուրահատուկ կառույց էր ինքն իրենով, ոչ միայն ճարտարապետական առումով, այլ իր ներքին, ներանձնային հարաբերությունների կառուցման տեսակետից նույնպես: Այդտեղ հավաքվել էին մի ձեւի մեջ մտածող մարդիկ, մի նպատակին հետամուտ իսկական համախոհներ: Ամենատարբեր կրթություն ստացած անհատականություններ կային, բայց իրենց բոլորին համախմբում էր մասնագիտական առումով հաջողակ լինելու բախտը՝ որպես կիբեռնետիկ, երաժիշտ, բժիշկ, կամ ուսուցիչ: Գիտե՞ք… մի բան ասեմ՝ Կամերայինն ի սկզբանե թատրոն դառնալու համար չէր, այլ նախատեսված էր, որպես լաբորատորիա, որտեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ պետք է զբաղվեին ձայնի, վիդեո – աուդիո էֆեկտների ուսումնասիրությամբ: Տարիներն այնպիսին էին, որ այդ միտքն անվստահություն եւ մերժում կարող էր հարուցել միայն: Բայց դե ինչ – որ բան պիտի՞ դառնար, թե չէ:

Բայց ինչո՞ւ հենց թատրոն:

Որովհետեւ այն ամենն, ինչ նախատեսվում էր լաբորատորիայի ձեւաչափի մեջ, շատ մոտ էր կանգնած բեմի գաղափարին: Ստացվեց թատրոն: Մենք նույնիսկ շատ չեզոք անուն ընտրեցինք՝ «Կամերային»: Դա ոչինչ չէր պարտադրում՝ ո՛չ կոմեդիա, ո՛չ դրամա…

Թատրոնի մտքին հեշտությա՞մբ համաձայնեցին վերեւներում:

Իհարկե ոչ: Դրան էլ չէի համաձայնում, որովհետեւ Սովետական միության տարիներին նմանօրինակ օջախ բացելու համար Մոսկվայից հատուկ թույլտվություն էր հարկավոր:

Եւ ինչպե՞ս ստացաք այդ թույլտվությունը:

Շնորհիվ Կարեն Դեմիրճյանի միայն: Ասեց. «Ջահելներ են, թող ունենան իրենց թատրոնը…» Ու մենք ունեցանք մեր թատրոնը:

Ո՞ւ…

Ու սկսվեց թատրոնի հաղթարշավը, բառի բուն իմաստով հաղթարշավը՝ քաղաքում, հանրապետությունում եւ Սովետական Միությունում: Զարմանալի էր, բայց փառքի ամենամեծ չափաբաժինը մենք ստանում էինք ոչ թե այստեղ մեր երկրում, այլ դրսում: Ստավեց այնպես, որ այդ ժամանակահատվածում մենք դարձանք Հայաստանի ամենահյուրախաղային թատրոնը, ընդ որում Խորհրդային երկրների թատրոններն իրավունք ունեին Մոսկվայում հյուրախաղերով ներկայանալ տարին մեկ անգամ, իսկ մենք առնվազն երեք, չորս անգամ լինում էինք այնտեղ: Վստահ կարող եմ ասել, որ այդ տարիների համար մեր թատրոնի էսթետիկան ուրիշ էր, յուրահատուկ, չնմանվող ոչ մեկին: Խոսում էինք թեմաների մասին, որոնք արգելված էին՝ ո՛չ ամեն մեկն էր իրեն թույլ տալիս խոսել եւ ո՛չ ամեն մեկին էին թույլ տալիս: Ես մինչեւ հիմա զարմացած եմ ոնց էինք մենք ամեն անգամ «ջրից չոր դուրս գալիս»:

Ինչո՞ւ բաժանվեց, ցրվեց այդ խումբը, որ այդքան երկար ճանապարհ անցավ միասին:

Մեծացանք մենք:

Իսկ մի՞թե դերասանը մեծանում է:

Որպես անհատ ենք մեծանում: Գիտեք նույնը կարող է պատահել սեփական օջախում՝ հայրական ընտանքիում: Դա միեւնույն է մնում է աշխարհիս երեսին ամենահարազատ ու սուրբ վայրը քեզ համար, բայց մի տեսակ էլ քոնը չէ, որովհետեւ ուզում ես ինքդ քոնը ստեղծել, պայքարել, ինքնահաստատվել ու վերջապես հաստատվել: Այդ նույն շրջապտույտի մեջ հայտնվեց նաեւ թատրոնի մեր սերունդը: Գնացինք ուղղակի…

Մեր զրույցն աստիճանաբար նոր փուլ էր մտնում, որտեղ ես պատրաստվում էի պարզել թե ինչպե՞ս պարոն Թոխատյանը ներգրավվեց հեռուստատեսության ոչ միանշանակ կյանքին, ի՞նչ ձեռքբերումներ գրանցեց նա այդ ճանապարհին, գո՞հ էր արդյոք իրեն բաժին հասած հեռուստատեսային նախագծերից եւ թե ի՞նչ հեռանկարներ է տեսնում իր համար թատրոնից հեռու այդ աշխարում…բայց, ընթերցողի բախտը չբերեց: Ո՛չ, չկարծեք, թե պարոն Թոխատյանը լռեց… Պարզապես ձայնագրման սարքի մարտկոցը սպառվեց: Բարեբախտաբար ինձ հաջողվեց աննկատ թողել այդ փաստը ու մեր զրույցը շարունակվեց եւս մի քանի ժամ: Ես ստացա ինձ հուզող շատ հարցերի պատասխաններ, պարզեցի հակասական թվացող այս կամ այն իրավիճակների իրական պատկերը: Այդ ամենը գուցե ընթերցողի դատին հանձնվի մեկ ուրիշ անգամ՝ նոր մարտկով լիցքավորելուց հետո միայն , եթե դրան զուգահեռ պարոն Թոխատյանը համաձայնի երկու նոր ներկայացման փորձերի արանքում եւս մի քանի ժամ տրամադրել մեզ: