Տոնական տորթ, ջերմ շնորհավորանքներ, հիշողություններ, սիրո խոստովանություն թատրոնին ու Հայաստանին. ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանն արդեն հինգ տասնամյակ ղեկավարում է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: 50 տարի ռուսական թատրոնում գործունեություն ծավալող Գրիգորյանը փաստում է' շատ հուզված էր, երբ առաջին անգամ 50 տարի առաջ բեմ բարձրացավ որպես գեղարվեստական ղեկավար:
«Ամեն ինչ շատ անսպասելի էր: Մոտ երկու տարի առաջ թատերագետ Մարգարիտա Յախոնտովան ինձ ասաց, որ շուտով կլրանա իմ' թատրոնում աշխատելու 50-րդ հոբելյանը: Ասաց' պետք է տոնես, ուզո՞ւմ ես'սցենարը գրեմ: Ասում եմ' ինչ ես ասում Մարգարիտա, դեռ պետք է ապրել մինչ դա: Չստացվեց: Մարգարիտան չհասցրեց: Երբ այսօր մտա իմ սենյակ, մտածեցի, որ ինչ-որ հարսանիք է: Հետո հասկացա, որ իմ ու թատրոնի հարսանիքի 50-ամյակն է նշվում»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ' հոբելյանական տարեթվին նվիրված հանդիսության ժամանակ նշեց Ալեքսանդր Գրիգորյան ը:
Կես դար թատրոնը ղեկավարած Գրիգորյանը խոստովանեց' շատ հուզված է, որովհետև առաջին անգամ 50 տարի առաջ բեմ բարձրացավ հանդիսատեսի առջև:
«Չեմ թաքցնի'ես եկել եմ հարազատ Հայաստան իմ հոր և մասամբ մոր «մեղքով». հայրս ամբողջ կյանքում երազում էր ապրել Հայաստանում, Հայաստանի համար մի լավ բան անել էր ցանկանում: Չստացվեց: Իմ հոր ամենաերջանիկ ակնթարթներն էին, երբ ինձ այս թատրոն տարան»,-նշեց Ալեքսանդր Գրիգորյանը:
Հայաստանի ժողովրդական արտիստը խոստովանում է' 50 տարվա ընթացքում այնքան երջանիկ պահեր է ունեցել:
«Ինձ համար այս տարիները սովորելու և մեր մշակույթն ընկալելու տարիներ էին: Սա գործընթաց էր' սեփական արվեստով օգնելու մշակույթի զարգացմանը: Ստացվե՞լ է, թե չէ' դուք որոշեք, բայց այս 50 տարիներն անիմաստ չեն անցել: Դրանք իմ սրտում են: Ես շատ սիրեցի ոչ միայն Հայաստանը, այլև ժողովուրդին, այս թատրոնի պատերը, թատրոնի ոգին, ամենակարևորը' ես սիրեցի այն մարդկանց, ովքեր աշխատում են ինձ հետ այսօր: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-նշեց Գրիգորյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ռեժիսոր Վահե Շահվերդյանը հիշում է այն առաջին ներկայացումը, որը բեմադրել է Գրիգորյանը: «Ես դաստիարակվել եմ այս թատրոնի, Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացումներով, երբևէ չէի մտածում, որ այստեղ կնստեմ և կասեմ սա: Հետո, երբ սկսեցի թատրոններ ղեկավարել, հասկացա, թե դա ինչ է, ուզում եմ իմ զարմանքն արտահայտել, թե ինչպես կարելի է 50 տարի մեկ թատրոնում աշխատել: 50 տարի թատրոն ղեկավարել ոչ մեկի չի հաջողվել: Կցանկանայի, որ Ալեքսանդր Գրիգորյանի 100-ամյակն իր ներկայությամբ տոնեն»,-նշեց նա' շնորհակալություն հայտնե լով Գրիգորյանին նաև այլ գործընկերների անունից:
Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան' որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատ րոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս' որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները' Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի « ;Մակբեթ» և այլն: Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում տարբեր երկրներում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:
2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.' Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.' ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.' Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի' որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.' Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: