Իտալացի ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն այսուհետև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրված դիրիժորն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտարարվեց սեպտեմբերի 4-ին օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի և օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի համատեղ կազմակերպա ® բարեգործական համերգի ժամանակ: Իրադարձությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ջանլուկա Մարչիանոյին' որպես հրավիրված դիրիժոր, ներկայացրեց Գեղամ Գրիգորյանը: Իտալացի դիրիժորն իր խոսքում նշեց, որ աներևակայելի երջանիկ է լինել Հայաստանում և օպերային թատրոնում, որտեղ աշխատելու է Գեղամ Գրիգորյանի հետ: Նա նաև հավելեց, որ երջանիկ է Արցախ այցելելու համար:
Բարեգործական համերգին մասնակցեց նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Համերգի վերջում ՀՊԵՆ-ը հանդես եկավ Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ:
Իրադարձության հասույթը կտրամադրվի Հայաստանում ստեղծվելիք Օպերային արվեստի միջազգային ակադեմիային։
Ջանլուկա Մարչիանոն Հայաստանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով: Նա Արցախում մասնակցել է Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային:
Մաեստրո Մարչիանոյի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. նա հանդես է եկել որպես դաշնակահար, այսօր ամենապահանջված դիրիժորներից մեկն է, ղեկավարում է Արևելքի ամենանշանավոր երաժշտական փառատոներից մեկը։ Ջանլուկա Մարչիանոն կանգնել է բազմաթիվ նվագախմբերի դիրիժորական վահանակի մոտ, հանդես եկել հայտնի բեմերում, մեծահամբավ մենակատարների հետ։ Եղել է մի շարք մրցույթների ժյուրիի անդամ։ Մարչիանոն ամուր կապեր ունի Զագրեբի, Մինսկի, Պրահայի, Լոնդոնի օպերային թատրոնների հետ։ Եղել է Զագրեբի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ 2011-2014թթ. Մարչիան ոն զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատորնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Ռումինիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Gli Armonici», Լոնդոնի կամերային նվագախմբերի հրավիրյալ դիրիժորն է։ Մաեստրոն Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։