Օգոստոսի 20-ին ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ Արամ Դանիելյանի հետաքրքիր և բովանդակալից անհատական ցուցահանդեսի բացումը:
Նկարիչն արվեստասեր հասարակությանը ներկայացրեց կյանքի մասին պատմող երազական և իրական երևույթների միաձուլմամբ ստեղծված յուրօրինակ աշխատանքները՝ էքսպրեսիոնիզմ ոճում:
«Իմ աշխատանքները սեփական աշխարհընկալումների և մարդկային ամենատարբեր զգացումների մասին են, որոնք պատմում են սիրո, խռովքների, ներման, հավատի, խելահեղության և արարման մասին: Անհատական ցուցահանդեսս հասարակությանն է ներկայացնում կյանքում բարձր արժեքների և, կարելի է ասել, «ներդաշնակ սխալների» հետաքրքիր և փիլիսոփայական զուգորդումը, չէ՞ որ կյանքը հետաքրքիր և գեղեցիկ է ոչ միայն հստակ և անթերի գծերով, այլ այդ ամուր և ուղիղ կանոնները ճիշտ և գունավոր խոնարհելու կարողությամբ»,-նշում է նկարիչ Արամ Դանիելյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչներ Վլադիմիր Աբրահամյանը և Հրայր Գրիգորյանը, «Արամե» պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանը, «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահի տնօրեն Սահակ Սահակյանը, ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, հագուստի մոդելավորողներ Հասմիկ Աբրահամյանը, Լիլիթ Մարգարյանը և Քրիստինե Գրիգորյանը, հաղորդավարուհիներ Արևիկ Ուդումյանը, Լիանա Տեր-Մինասյանը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), դերասաններ Վահագն Գրիգորյանը, Կարեն Բաբաջանյանը, Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սուրեն Առուստամյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և ուրիշներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 2 6 -ը:
Արամ Դանիելյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքում, նկարիչ Հրանտ Դանիելյանի ընտանիքում:
1999 թվականին գերազանցությամբ ավարտել է գեղարվեստի ուսումնարանը: 2006 թվականից ի վեր միացել է Ռուսաստանի նկարիչների միությանը և Նկարիչների միության միջազգային ֆեդերացիային: 2009 թվականից Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: