Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանները։ Այդ մասին pleinevie.fr-ին տված հարցազրույցում նշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը: Պատասխանելով լրագրողի հարցին' արդյոք իր հետագա կյանքի վրա ազդեցություն չի թողել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժա մանակ իր մայրը կորցրել է ողջ ընտանիքը, Ազնավուրն ասել է, որ շատ կցանկանար չլինել ներգաղթյալի որդի, սակայն այդպես է դասավորվել կյանքը։ «Ես 14 տարեկանում ծնողներիս փաստաթղթերի հետ կապված մոտեցա համապատասխան մարմնի պատուհանին և սկսեցի բղավել, որ ֆրանսիացի եմ։ Ինձ աշխատակիցները հիվանդ համարեցին: Ես մեծ ցանկություն ունեի ինտեգրվել ֆրանսիացիներին։ 4 տարի շարունակ ծնողներիս ընկերներն օգնել են մեր ընտանիքին թղթեր ստանալու հարցում։ Այդ հիշողությունները շատ խորն են, և ես դրանք հիշում եմ մեծ հուզմունքով»,- ասել է շանսոնյեն' ընդգծելով, որ այսօր կան նման դժվարություններ ունեցող մարդիկ, որոնց ինքը մշտապես փորձել է օգնել:

 

Հարցին, թե ինչու է այդքան կարևոր Հայոց ցեղասպանության ճանաչումը' Ազնավուրն ասել է. «Թուրքիայի երիտասարդությունը կարծես հոգնել է, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ Նրանց տատերն ու պապերը «փայլուն» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը։ Երբ մուսուլմաններն ինձ մոտենում ու հարցնում են՝ «Դու գիտես, որ ինչ արվել է՝ մեր անվան հետ են կապում», ես պատասխանում եմ, որ նույն բանն արվել է (ցեղասպանություն) կաթոլիկների կողմից։ Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով: Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի սահմանները»:

 

Շանսոնյեի խոսքով' ինքը մեծ ցանկություն ունի ճանաչել Թուրքիան, սովորել, թե ինչպես են թուրքերեն ասում. «Բարև, ինչպես ես» և «խորանալ» թուրքերի մեջ, ինչպես դա արել է ֆրանսիացիների դեպքում։ «Ես նրանցից չեմ, ովքեր նշում են «Լավ թուրքը մեռած թուրքն է»։ Ես դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ ոչ ոք ֆրանսերեն չէր խոսում: Այսօր իմ ֆրանսերեն երգերը գրված են մինչև վերջին ստորակետի ճշգրտությամբ»,- ասել է Ազնավուրը:

 

Լրագրողը նկատել է' Ազնավուրը մշտապես բարձրաձայնում է այն մասին, որ շատ է սիրում Ֆրանիան: Ի պատասխան շանսենյեն նշել է, որ երբեք չի ասել, որ շատ է սիրում Ֆրանսիան, այլ ինքն իրեն ֆրանսիացի է համարում: «Ասել, որ ես սիրում եմ Ֆրանսիան, կնշանակի, որ ես ինքն ինձ արտասահմանում եմ զգում: Ես կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Հայաստանը, քանի որ այնտեղ չեմ ապրում, այլ այնտեղ են իմ արմատները: Ես տանն ունեմ երկու դրոշ»,- նշել է հայազգի երգիչը:

 

Միաժամանակ, Ազնավուրն ասել է, որ փորձում է լինել ամեն տեղ' բոլոր խնդիրների հետ կապված: «Իմ ընտանիքը' նույնպես: Ես բողոքական հայ եմ»,- եզրափակել է Ազնավուրը: