Իտալիայի կառավարությունը մտադիր է 18,5 միլիոն եվրո գումար տրամադրել Կոլիզեումի արենայի վերակառուցման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Local-ը, վերակառուցումից հետո արենայում հնարավոր կլինի անցկացնել նաեւ ժամանակակից մշակութային միջոցառումներ: «Մենք մեր խոստումը պահեցինք, Կոլիզեումը նոր արենա կունենա: Վերակառուցման ծրագիրը կառավարությունը կֆինանսավորի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է երկրի մշակույթի նախարար Դարիա Ֆրանչեսկին:
Դեռեւս նախորդ տարի Ֆրանչեսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերակառուցել 2000-ամյա շինության արենան: Մեկ տարվա համառ ջանքերից հետո Ֆրանչեսկին եւ մի շարք ճարտարապետներ ի վերջո հասան իրենց նպատակին:
Ընդհանուր առմամբ այս տարի Իտալիայի կառավարությունը 80 միլիոն եվրո կծախսի երկրի մշակութային կոթողների վերականգնման համար: Այդ գումարից 18 միլիոն եվրոն կտրամադրվի Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահին, 5 միլիոն եվրո Պիզեում հին նավերի թանգարանին: