Վերջերս ջավախահայությունը հնարավորություն է ունեցել լսելու հայկական երաժշտություն երգիչներ Գուրգեն Դաբաղյանի, Գոհար Հովհաննիսյանի, Մավր Մկրտչյանի և Արման Խաչատրյանի կատարմամբ:
Ջավախքում կայացած համերգների մասին ESem.am-ը զրուցել է երգիչ Գուչգեն Դաբաղյանի հետ, ում խոսքով` իրենց երեք օր տևած համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: «Երևի 14-15 տարի առաջ էի այնտեղ եղել, հանդիսատեսն էլ շատ կարոտած էր հայկական երաժշտությանը»,- նկատեց երգիչը:
Հաշվի առնելով, որ մեր շոուբիզնեսցիներից քչերն են համերգներով հանդես գալիս Ջավախքում՝ նախապատվությունը տալով ավելի շատ Եվրոպային և այլ երկրներին, ինչպես ստացվեց, որ իրեք հենց Ջավախք մեկնեցին, Գուրգենը ասաց. «Եթե լավ պայմաններ են լինում, ու քո մեջ էլ ցանկություն է լինում, համաձայնում ես համերգներով հանդես գալ:
Թեև պետք է նշեմ, որ այսպիսի շրջագայությունների ժամանակ, ինչպիսին Ջավախքն էր, ֆինանսական մասն ավելի համեստ էր: Էդպես է նաև, երբ համերգ ես ունենում Հայաստանում կամ Արցախում: Սակայն միշտ չէ, որ պետք է առաջնային լինի ֆինանսը»:
Ըստ Գուրգենի` անցած տարի ինքը տասը համերգ է ունեցել Հայաստանում, որից 5-ը Արցախում և դրանց դիմաց սիմվոլիկ գումար է ստացել: Երգիչը շեշտեց, որ գումար աշխատելու համար այլ տեղեր կան: «Օրինակ՝ մեծահարուստների կորպորատիվներ, շրջագայություններ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում»,- ասաց նա:
Համերգային գործունեության առումով Գուրգենն այժմ դադար է վերցրել: Նա զբաղված է նոր երգերի ձայնագրութամբ, որոնք պարբերաբար կներկայացնի հանդիսատեսին: «Վերջերս դրանցից մեկը` կատակ-երգ «Ջան, Ղարաբաղ»-ը, ներկայացրի իմ հանդիսատեսին, առաջիկայում դարձյալ յութուբյան իմ էջում կտեղադրեմ «Ճամփորդ եմ» երգը, որն իսկական ժողովրդականը սիրող մարդկանց համար է»,- մանրամասնեց երգիչը, ով նախնական պայմանավորվածություն ունի աշնանը համերգներ ունենալ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Գուրգենից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Հայաստան այցից հետո դեռ շարունակում է շփվել Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի հետ: «Որոշ չափով կապ կա Քարդաշյանների հետ և պետք նշեմ, որ մոտ օրերս կրկին հասանելի կլինի այն տեսանյութը, որտեղ ես երգում եմ Քարդաշյան ընտանիքի համար»,- նշեց երգիչը: Գուրգենի տեղեկություններով` օրերս պետք է ԱՄՆ-ում ցուցադրվի Քարդաշյանների ռեալիթի շոուն, որից հետո էլ իրեն տեղյակ կպահեն, և ինքը կկարողանա հասանելի դարձնել նշված տեսանյութը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը