Տասնիններորդ դարավերջի և 20-րդ դարի հայազգի շուրջ 20 լուսանկարիչների գործերը ներկայացվել են «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսում, որը «Երևանյան ամառ 2015» միջոցառումների շրջանակում բացվել է «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացված աշխատանքների թվում են Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, Արա Գյուլերի, Հովհաննես Քյուրքչյանի, Գեղամ Թարվերդյանցի, Անդրանիկ Քոչարի աշխատանքները, ովքեր, հաստատվելով տարբեր երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում, նաև ձեռք բերել համաշխարհային հռչակ: Նրանց, ինչպես նաև տասնյակ այլ լուսանկարիչների մասին պատմող ու լուսանկարչական աշխատանքները ներկայացնող նյութերը տարիների ընթացքում հավաքվել է հայր և որդի Անդրանիկ ու Վահան Քոչարների կողմից և ամփոփվել դեռևս 2007 թվականին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ հրատարակված «Հայ լուսանկարիչները» գրքում:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ցուցադրությունը գնահատելով որպես մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այն անպայման կունենա շարունակություն:

 

«Առաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքում բացել լուսանկարչության ցուցասրահ, որտեղ այս ցուցադրությունը կլինի մշտական, բացի այդ, կցուցադրվեն ոչ միայն իրենց բարձր վարպետությամբ և կատարելությամբ աչքի ընկնող հայ, այլև ժամանակակից անվանի արվեստագետների աշխատանքներ»,- նշել է Արամ Սուքիասյանը:

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշակույթի ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության և նոր, հետաքրքիր ու կարևոր մտահղացումների համար՝ Վահան Քոչարն ընդգծել է, որ ներկայացված լուսանկարների մի մասը բնագրեր են, ինչն էլ ցուցադրությունը դարձնում է իր տեսակով բացառիկ: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն նվիրաբերվել է Երևանի քաղաքի պատմության թանգարանին: