Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի առաքելությունը ոչ միայն մարդկանց զվարճացնելն է, այլև Հայոց ցեղասպանության մասին նրանց իրազեկելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր հոդվածում գրում է The Oakland Press-ի լրագրող Գերի Գրաֆը:

 

Նշելով, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ ռոք-խումբը նոր ալբոմ չի թողարկել՝ լրագրողը նշում է, որ ներկայումս խմբի անդամները կենտրոնացած են «Արթնացրեք հոգիներն» անվանումը ստացած շրջագայության վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Այս շրջագայությունն ավելի կարևոր է, քան System of a Down-ի հաջորդ ալբոմը: Սա ավելի հեռահար մի բան է և իրականում խնդիրն ավելի մեծ է, քան հենց Հայոց ցեղասպանությունը: Սա համաշխարհային հարց է»,- նշել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:

 

Լրագրողը հիշեցնում է, որ 1994 թվականին խմբի հիմնադրումից հետո System of a Down-ը եղել է խնդիրն առաջ քաշող առաջամարտիկներից մեկը, և նրանց պայքարը ավելի մեծ կշիռ է հավաքել նաև հինգ պլատինե ալբոմների շնորհիվ:

 

Գերի Գրաֆը նշում է, որ «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը մեկնարկեց 2015 թվականի ապրիլին Լոս Անջելեսում և եզրափակվեց ապրիլի 23-ին' Ցեղասպանության տարելիցին նախորդող օրը Երևանում: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը նշել է, որ իրենց համերգային նոր շրջագայությունը ոչ միայն նոր հնարավորություն է բարձրաձայնելու ցեղասպանության և դրա համաշխարգային ճանաչման անհրաժեշտության մասին, այլև մի յուրօրինակ հնարավորություն է ցույց տալու դրա կապն աշխարհում ներկայիս դեպքերի հետ:

 

«Ամենավտանգավորն այն է, որ ցեղասպանություններն այսօր շարունակվում են: Չկա որևէ միջազգային համաձայնագիր' անկախ Ցեղասպանության մասին կոնվենցիայից: Մեզ համար կարևոր է ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլև օգնել խնդրում հասնել արդարությանը»,- նշել է Թանկյանը: