ESem.am տեղեկացրել էր, որ հայկական արտադրության «Անավարտ թռիչք» ֆիլմը կցուցադրվի նաև Մոսկվայում: Մոսկվայի` միաժամանակ երեք դահլիճում ժամեր առաջ տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել նաև ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու ռեժիսոր Ելենա Արշակյանը: Վերջինս առաջինը մեզ պատմեց մոսկովյան պրեմիերայի, հյուրերի և ֆիլմի մասին հնչած արձագանքների մասին:


Հիշեցնենք, որ ռուսական «Грани кино» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիլմը ռուսերեն թարգմանելու և ՌԴ-ի 200 կինոդահլիճներում ցուցադրելու համար:

 

Ելենայի խոսքով` դահլիճում հիմնականում ռուսներ են եղել, ովքեր ֆիլմի ավարտից հետո հուզված են լքել դահլիճը:

«Նրանք իսկապես շատ շատ էին հավանել, ինչն ինձ համար շատ ուրախալի է,  միևնույն ժամանակ՝ սպասվածից լավ,- ESem.am-ին հայտնեց Ելենան՝ նշելով,- իսկապես շատ ուրախ եմ, ռուս հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ֆիլմը: Տարբեր հեռուստաընկերություններ հարցազրույցներ արեցին ու առաջիկա օրերին կցուցադրեն. Ռուսաստանում ևս կպատմեն մեր ֆիլմի մասին»:

 

Ելենան փոխանցեց նաև «Անավարտ թռիչքի» պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խոսքը: «Հիմա հստակ կարող եմ ասել, որ լավ է անցել ֆիլմի դիտումը: Բոլորը հուզվել էին և արտասվում էին` ներառյալ ազգային անվտանգության աշխատակիցներն ու լրագրողները»,- ասել է պրոդյուսերը:

Ըստ Ելենայի` ֆիլմի դիտմանը ներկա էր նաև մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանը, մոսկվաբնակ հայ դերասաններից Հմայակ Հակոբյանը, նաև՝ ռուս լրագրողներ, պրոդյուսերներ:

 

 

 


Երևան-Մոսկվա կապը` Արևիկ Իսաջանյանի