Հանրակրթական դպրոցներում կրթության և դաստիարակության գործընթացը չի կարող լիարժեք լինել, եթե բավարար չափով ներառված չէ մշակույթի բաղադրիչը: Աշակերտի աշխարհայացքի ձևավորման վրա, հատկապես ազգային մշակույթը, անփոխարինելի ազդեցություն ունի: Օրերս կայացավ «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը, որը իրականացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հարապետության նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար՝ մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:

Այս տարի ծրագիրն իրականացվում է Երևանում ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղաարքունիքի մարզերի 47 սահմանապահ համայնքների 49 միջին դասարաններում սովորող շուրջ 2700 աշակերտի համար՝ երեք միջոցառում՝ մեկ ներկայացում, մեկ համերգային ծրագիր և թանգարանային այցելություն: