Ինչքան էլ չարախոսեն, միևնույն է՝ հատկապես Հայաստանի համար «Եվրատեսիլը» միակ տեղն է, որտեղ երգիչը կարող է գնալ և գլոբալ կերպով ներկայացնել իր երկիրը, այն միակ մրցույթն է, որը հագեցած է վերջին տեխնիկայով, առհասարակ, այն երաժշտական առումով ամենամեծ տոնն է»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ի երգի մրցույթի շուրջ ծավալվող քննարկումներին, ասաց երգիչ Հայկոն, ով 2007 թվականին մրցույթում ներկայացրեց մեր երկիրն ու արժանացավ 8-րդ հորիզոնականին:
Խոսելով Հայաստանը ներկայանող Genealogy խմբի՝ կիսաեզրափակչում ունեցած ելույթին, երգիչը նկատեց. «Ինձ իսկապես շատ դուր եկավ Genealogy-ի կատարումը: Շատ տպավորված եմ բեմականացմամբ, մեր մասնակիցների ելույթը ինձ համար «ֆիրմա» էր: Կարծում եմ, որ նրանց ելույթը լավ իմաստով ազդեց հայ ազգի իմիջի վրա: Կանխատեսումների հարցում կդժվարանամ որևէ բան ասել, քանի որ Եվրատեսիլը միշտ եղել է կանխատեսումներից դուրս, սա այն մրցույթն է, որը շատ ժամանակ արտահայտում է այն, ինչ կատարվում է աշխարհում, բայց ունենք լավ երգ, լավ մասնակիցներ, և հաղթելու շանսը բավականին մեծ է»: