...Նա իր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել, սակայն երբեք չի վհատվել: Փակվող դռների ու դժվարությունների մասին ավելի ուշ հենց ինքն է խոստովանում՝ նշելով. «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին' երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ»: Բայց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը դեռ այն ժամանակ գիտեր, որ իրեն բախտ է վիճակվել փոխելու աշխարհը:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- Ազնավուրի մասին մի առիթով ասել է Շառլ դը Գոլը: Ֆրանսիացի մեծագույն գործչի խոսքերը մարգարեական էին: «Խռպոտ ձայնով հայն» իսկապես կարողացավ հաղթահարել խոչընդոտները և նվաճել մարդկանց սրտերը: 1959 -ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցած նրա ելույթը ծնկի բերեց աշխարհին:
Լեգենդար երգիչը մայիսի 22-ին տոնում է ծննդյան 91-րդ տարեդարձը, սակայն մնում հավերժ երիտասարդ: Նա առույգ է, ակտիվ, լի կյանքով: Ինչպես ֆրանսիական մամուլն է կես կատակ, կես լուրջ ասում՝ «Ազնավուրը թոշակի գնալու մտադրություն չունի»: Ազնավուրի համար յուրաքանչյուր տարին լի է համերգներով, շրջագայություններով, անվերջ ծափահարություններով ու ծաղիկներով: 2015-ն էլ բացառություն չէ. լեգենդը տարեսկզբից ակտիվ գործունեություն է ծավալում, բայց իր զբաղված գրաֆիկում մշտապես ժամանակ է գտնում հայրենքի համար: Ծանր պահերին էլ նա միշտ Հայաստանի կողքին է:
Ասվածի վառ ապացույցն այն է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ' Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ: Այս խորհրդանշական տարին Ազնավուրը ևս հայրենիքի կողքին էր. նա եկավ Հայաստան ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 1 00-րդ տարելիցին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Ազնավուր ֆենոմենը շատերին է զարմացնում ու հիացնում: Այսօրվա սերնդի շատ ներկայացուցիչներ էլ սիրահարված են նրանով, նրա վարպետությամբ և վարակիչ էներգիայով: Նա շարունակում է պայթեցնել տարբեր երկրների համերգասրահները և հավաքել միլիոնավոր մարդկանց:
Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ է վաճառվել: Սակայն Ազնավուրին այս ցուցանիշը չի բավարարում: 91-ամյա լեգենդը, ծննդյան օրվա նախօրյակին, նոր ձայնասկավառակ է թողարկել. մայիսի 4-ին ամբողջ աշխարհը ողողվեց ազնավուրյան հիշողություններով և սկսեց ունկնդրել «Encores» ձայնասկավառակը: Ու չնայած այս գլխապտույտ հաջողություններին ու հաղթանակներին Ազնավուրը մնում է չափազանց համեստ, ավելին՝ ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդների համար, աջակցում նրանց: Շարունակում է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:
Դիպուկ են Վիլիամ Սարոյանի խոսքերը. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»։
Ռոզա Գրիգորյան