«Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան պատվիրակները վիճակահանությամբ որոշել են, որ «Geneaology» խումբը մայիսի 23-ին կայանալիք եզրափակիչում ելույթ կունենա երեկոյի առաջին հատվածում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչում լավագույն տասնյակի մեջ հայտնվելուց հետո Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է հրավիրված մամուլի ասուլիսին` կիսելով առաջին մրցութային երեկոյից ստացած տպավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,
Հայաստանը ներկայացնող«Geneaology» խմբի մենակատար Վահե Թիլբյանը մյուս մասնակիցների անունից նշել է, որ մեր խումբն Ավստրիայում իրեն հոյակապ է զգում:
Անդրադառնալով խմբի ստեղծման պատմությանը և դրանից հետո տարված աշխատանքներին` Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ թեպետ անցած ուղին դժվարին է եղել, սակայն իրենք կարողացել են հաջողել: «Դժվար էր, քանի որ գործ ունեինք վեց մարդու հետ, ովքեր ունեին տարբեր բնավորություն, մենթալիտետ, աշխարհայացք: Բայց մենք ունենք մեկ «Geneaology», և սա մեզ միավորեց: Գաղտնիքն ընտանիքի մեջ է»,- նշել է Գոհար Գասպարյանը:
«Ոչինչ հեշտ չի տրվում, հատկապես երբ տարբեր մայրցամաքներից տարբեր մարդկանց ենք բերում Հայաստան: Մենք բոլորս մեկ անհանատականություն ենք, սակայն ամենահոյակապն այն էր, որ երբ միասին էինք, տպավորությունն այնպիսին էր, որ երկար տարիներ միասին ենք եղել: Մենք դարձանք ընտանիք, և դա, իրոք, հիասքանչ էր»,- նշել է Հայաստանը ներկայացնող խմբի մենակատարներից Վահե Թիլբյանը:
Ի պատասխան երգի ուղերձի վերաբերյալ Իսրայելից եկած լրագրողի հնչեցրած հարցին` նա ասել է. «Ինչպես բազմիցս ասել ենք տարբեր հարցազրույցներում, մեր ուղերձը երաժշտության միջոցով խաղաղություն և սեր տարածելն է: «Կամուրջներ կառուցելով». սա էր այս տարվա կարգախոսը: Եվ մենք դա արեցինք մեր սփյուռքի միջոցով` կապելով այն մայր երկրի` Հայաստանի հետ»:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ»նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում են 40 երկիր:
«Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին,որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան,
ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող, ինչպես նաև այս տարվա նորեկ Ավստրալիան: