Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանն իր արվեստի սիրահարների դատին հանձնեց միանգամից երեք ձայնասկավառակ, որոնցից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


«Սա մի ամբողջ ստեղծագործական կյանքի մի փոքրիկ մասն է` հանրագումարի բերված երեք ձայնասկավառակի մեջ, որտեղ Արաքս Մանսուրյանն իրեն լավագույնս է դրսևորել: Սկավառակներում կան նաև կամերային գործեր: Այստեղ շատ գեղեցիկ երգեր են, իրենց գեղեցիկ կատարմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ձայնասկավառակների շնորհանդեսին նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 

Ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էր նաևՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը«Այսօր մենք վկան ու մասնակիցն ենք շատ գեղեցիկ ծրագրի, որը կոչվում է մանսուրյանական արվեստ: Այս պահին է, որ հասկանալի է, թե ինչքան մեծ է հայկական գենը, որը փոխանցվել է մինչև Շուշանը: Արաքսը միշտ մեզ հետ է՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Որտեղ էլ լինի՝ նա ներկայացնում է հային և Հայաստանը: Ես խոնարհվում եմ նրա առաջ, նրա արվետսի առաջ»,- նշեց նախարարը:

 

Շնորհանդեսին ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև երգարվեստի ներկայացուցիչներ: Երեք ձայնասկավառակներից մեկը հոգևոր երգերի հավաքածու է, մյուսում ներկայացված է Տիգրան Մանսուրյանի և Արաքս Մանսուրյանի` եղբոր և քրոջ համատեղ աշխատանքները, իսկ երրորդում ամփոփված են Արաքս Մանսուրյանի գործերը: 

 

Ձայնասկավառակները թողարկվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: