Սյունակագիր Մարտինա Մայստերը գերմանական Die Welt պարբերականում անդրադարձել է Շառլ Ազնավուրին՝ կապված վերջինիս 51-րդ ալբոմի՝ «Encores»-ի հետ: Ազնավուրին, ում անունը կապվում է 180 միլիոն վաճառված ալբոմի հետ, ում անունը կապվում է Էդիտ Պիաֆի, Լայզա Մինելիի հետ, և այնպիսի քանակությամբ «Ոսկե ձայնասկավառակների» հետ, որոնց քանակը դժվար է հիշել: 

 

Ցեղասպանությունից փրկված՝ Շարլ Ազնավուրի ծնողները Փարիզում սպասում էին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալուն, երբ 1924 թվականի մայիսի 22-ին ծնվեց նրանց որդին՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: ԱՄՆ-ի վիզա ստանալ այդպես էլ չի հաջողվում, իսկ հետո սկսվում է պատերազմը, որի ընթացքում Վաղինակն ու  նրա քույրը սկսում են գումար վաստակել՝ ընտանիքը կերակրելու համար: 9 տարեկանում նա սկսեց աշխատել և այլևս չդադարեց աշխատելուց:

 

Խոսելով նոր ձայնասկավառակի մասին՝ Ազնավուրը նշում է, որ չի պատրաստվում դադար վերցնել ստեղծագործական կարիերայում: «Դադա՞ր: Ինչո՞ւ: Եթե ես այլևս բեմ չբարձրանամ, ապա անմիջապես կմեռնեմ: Իսկ ես երկար ժամանակով նման ծրագիր չունեմ»,- ասում է Ազնավուրը: 

 

Իր 91-ամյակը նա չի պատրաստվում նշել, ճիշտ այնպես, ինչպես չի նշել 90-ամյակը: «Անցած տարի իր հոբելյանական երեկոն նա անցկացրեց բեմի վրա, իսկ հանդիսատեսը պատրաստվում էր կենդանի լեգենդ լսելու»,- շարունակում է հոդվածի հեղինակը: 

 

Ազնավուրը գրել ու երգել է 1200 երգ, որոնք կատարել է 8 լեզվով: Նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում՝ սկսած «Թիթեղյա թմբուկից», մինչև Ատոմ Էգոյանի «Արարատը», որտեղ նա խաղում է պրոդյուսերի դեր, ով Հայոց ցեղասպանութան մասին ֆիլմ է նկարահանում»,- գրում է Մայստերն ու Ազնավուրին հետաքրքիր հարց տալիս. «Դուք համարվում եք աշխարհի ամենահայտնի հայը: Միայն թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ձեզ հետ մրցակցության մեջ մտավ այնպիսի աստղ, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է: Դուք մրցակցո՞ւմ եք նրա հետ»: «Ես մրցակցե՞մ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես մրցակցությունից դուրս եմ»,- ասում է Ազնավուրն, ով հայրենիքի հետ պայքարում է Ցեղասպանության ճանաչման համար և ով հայրենիքի հետ էր 1988-ի երկրաշարժի ժամանակ:

 

Միայն վշտի մեջ է մարդ ինքն իրեն գտնում»,- պարզաբանում է Ազնավուրը իր՝ երկրաշարժի տարիներին Հայաստանին ցուցաբերած իր օգնությունը: Նա նշել է, թե ինչ կերպ է կարողացել ազդել մարդկանց էմոցիաների վրա: Ես գող եմ: Ես իրեր, պատմություններ չեմ գողանում, այլ մարդկանց զգացմունքները»,- ասում է Ազնավուրը: Նա նկատի ունի իր երգերը, որոնցով գերում է մարդկանց սրտերը,- գրում է թերթը: 

 

Նրա համար արգելքներ չկան: 70-ականների սկզբին նա երգ գրեց հոմոսեքսուալիզմի մասին. «Սկանդալը միտք չունի: Ես ամենատարբեր բաների մասին են երգում: Ես խնդիրներ չունեմ: Հանրությանը միշտ պետք է ցնցես»,- ասում է Ազնավուրը:

 

Նրա նոր ալբոմն անվանում են մելանխոլիկ: Այնտեղ տեղ են գտել երգեր նրա մանկության, նոստալգիայի, Էդիտ Պիաֆի մասին: Միայն թե Ազնավուրն իր ալբոմն այդպիսին չի համարում: 

 

«Մելամշնխոլի՞կ: Բացարձակ: Նոստալգի՞կ: Այո: Մելանխոլիան ինձ մոտ ասոցացվում է բազկաթոռին նստած տխուր մարդու հետ: Իսկ նոստալգիան ճանապարհորդություն է անցյալ»,- ասում է շանսոնյեն: 


Աշխարհահռչակ շանսոնյեն իրական ճանապարհորդության նույնպես մեկնել է: Նա վերջերս է վերադարձել Երևանից, իսկ դրանից առաջ համերգ է տվել Մոսկվայում: Առաջիկայում նա պատրաստվում է լինել Իսպանիայում: 

 

«Սեփական հետաքրքրությունից ելնելով՝ նա եղել է նաև Չինաստանում և Ուզբեկստանում: Ես այդպիսով լիցքավորվում եմ, ինչի շնորհիվ իմ գլուխը լիքն է թարմ գաղափարներով»,- նշում է Ազնավուրը: