Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի բացառիկ հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
«Երբ մենք մեծացանք, մեր հայրը պատմում էր մեզ մեր ժառանգության մասին: Դա մեր կյանքի շատ կարևոր մասն էր: Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում պատմություններ, մեր հայրիկն իսկապես շատ էր պատմում մեր պատմությունը: Մեզ ասում էին, որ շատ հայեր տեղափոխվել են, նրանք փոխել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը` վախենալով սպանվել:
«Ինչ էլ որ անեք, աղջիկներս, երբեք չփոխեք ձեր ազգանունը` այն Քարդաշյանն է»,- ասում էր հայրս: Նա շատ էր բարձրաձայնում և ցանկանում էր, որ մենք էլ երբեք չմոռանանք` որտեղից ենք մենք»,- գրել է Քարդաշյանը:
Նա նշում է, որ իր նախնիները Լոս Անջելես են տեղափոխվել 1914-ին` նախքան ցեղասպանության սկսվելը:
«Հայաստանում մեր հարազատներից ոչ ոք չկա: Եթե նրանք փախուստի չդիմեին, մենք այստեղ չէինք լինի: Այնքան շատ մարդիկ կան, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, և պատմությունները, թե ինչպես են նրանք սպանվել, այնքան ցավալի է: Նրանք երբեք չպետք է մոռացվեն: Հայոց ցեղասպանությունը հիշելու նպատակն այն է, որ այն այլևս երբեք չկրկնվի: 1.5 մլն մարդ սպանվել է, և ԱՄՆ-ն կարող է ձևացնել, որ այդպիսի բան երբեք չի կատարվել։: Չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- նշել է Քարդաշյանը:
«Իմ ընտանիքը երկար ժամանակ ցանկանում էր գնալ Հայաստան: Իմ հայրիկը նույնպես կցանկանար գնալ: Իմ տատիկն ու պապիկը նույնպես։ Իմ նախնիները կցանկանային գնալ: Սակայն նրանցից ոչ մեկին դա չհաջողվեց»,- գրել է հայազգի աստղը:
«Իմ քույր Քլոեն, դուստրս` Նորթը, և ամուսինս` Քանյե Ուեսթը, այս ամիս վերջապես մեկնեցինք Հայաստան: (ԱՄՆ-ում) Այնքան շատ մարդ է մոտեցել ինձ ու ասել, որ չեն իմացել ցեղասպանության մասին: Եթե մենք կարող ենք ուշադրություն գրավել, ինչո՞ւ անգործ նստենք»,- իր հոդվածում անդրադարձել է Քարդաշյանն այս տարի Հայաստան կատարած այցին:
«Այժմ ժամանակն է խոսել այդ մասին, և յուրաքանչյուրը կարող է օգնել»։
Քիմը նշել է, որ շարունակելու է այդ հարցը բարձրացնել և պայքարել Ցեղասպանության ճանաչման համար:
«Ես շատ կցանկանամ, որ նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա չի օգտագործում այդ բառը որպես նախագահ: Մենք կարծում էինք, որ դա տեղի կունենա այս տարի: Կարծում եմ` մենք շատ մոտ ենք, մենք իսկապես շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա:
Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի այն: Դա հիմա այնտեղ ապրող մարդկանց մեղքը չէ, դա տեղի է ունեցել 100 տարի առաջ: Եթե նրանք ճանաչեն և ընդունեն դա, կկարողանան առաջ շարժվել: Քիմը նշել է, որ հավատում է առաջընթացին և լուսավոր ապագային, սակայն հնարավոր չէ առաջ գնալ` չընդունելով անցյալը:
«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինձ տվել է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանը: Մանուշակագույնն իմ դստեր սիրելի գույնն է, այդ պատճառով էլ նա ցանկանում է կրել այդ կրծքանշանն ամեն օր: Երբ նա մեծանա, ես նրան կպատմեմ այդ զարդի իրական նշանակությունը: Ես կիսով չափ հայ եմ, սակայն մեծացել եմ իմ հայ ինքնության շատ մեծ զգացողությամբ, և ես ցանկանում եմ, որ իմ դուստրն ունենա նույն զգացողությունը»,- հավելել է Քիմը: