Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը«Ֆրանսահայերի պատմությունը» հաղորդման շրջանակում խոսել է Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել իր անցյալին, նախնիների պատմությանն ու կոչ արել Թուրքիային ճանաչել նախորդ դարասկզբին կատարած ոճիրն ու նոր էջից սկսել իր պատմությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աբգարյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը նման է մի վերքի, որը չի սպիանում եւ թույլ էլ չի տալիս մոռանալ կատարվածը: «Այդ վերքը բաց է: «Անհնար է մոռանալ այդ ցավն, ու այն պետք է ապագա սերունդներին, այդ թվում՝ թուրքերին, հիշեցնի 100 տարի առաջվա կատարվածը: Այն պետք է պահանջի, որ նման դեպքեր հետագայում այլեւս երբեք չկրկնվեն»,- ասել է Աբգարյանը:
Խոսելով Թուրքիայի մասին, դերասանն առավելապես իր խոսքը կառուցել է ապագայի գաղափարի վրա` շեշտելով, որ Թուրքիայում այսօր կա քաղաքացիական հասարակության, մի սերունդ, որը ընդունում է իր նախնիների կատարածը:
«Հայ եւ թուրք հասարակություննեը պետք է իրենց ապագան կառուցեն արդարության հիմքի վրա»,- ընդգծել է նա: Աբգարյանը շեշտել է, որ այսօր սփյուռքում բնակվող 7 միլիոն հայերը, ովքեր Ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են, իրենց ջանքերն են ներդնում պատմական արդարության ճանաչման համար: Նա անդրադարձել է նաեւ Մերձավոր արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին` նկատելով, որ եթե քաղաքակիրթ մարդկությունը դասերը քաղեր անցյալից, ապա այսօր Իրաքում եւ Սիրայում ցեղասպանություն չէր լինի:
«Այսօր տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ մենք պետք է անցյալից դասեր քաղենք, քանի որ միայն դատապարտելով կկարողանանք կանխել մարդկության դեմ հանցագործությունների կատարումը»,- նշել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը: