Երուսաղեմի հայկական սուրբ Հակոբյանց եկեղեցում Քիմ Քարդաշյանի դստեր մկրտությունից հետո Քարդաշյանների ընտանիքը ճաշել է Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի և նրա կնոջ հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները, համացանցում տեղադրվել են «Մոնա» ռեստորանում նրանց ճաշկերույթի լուսանկարները:
Ավելի վաղ հրապարակվել էին լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես են Քարդաշյաններին դիմավորում հայկական եկեղեցում:
Հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Շիրվանյանի խոսքով՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստր Նորթ Ուեսթը պաշտոնապես դարձել է քրիստոնյա և հայկական եկեղեցու անդամ:
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել: Նրանք Իսրայել են մեկնել Սուրբ երկրում իրենց դստերը, ով հունիսին կդառնա երկու տարեկան, մկրտելու միակ նպատակով:
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր' այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լուսանկարը` ynet.co.il