Քիմ և Քլոե Քարդաշյանների՝ հայաստանյան բազմազբաղ առօրյայի օրակարգում ընդգրկված էր նաև հայտնի ընտանիքի հանդիպումը ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի հետ: Պարզվում է՝ Վահագնի թաղամասում Հովնանյան ընտանիքը փակ հանդիպում էր կազմակերպել հյուրերի համար: Այս հանդիպմանը ներկա են եղել նաև Գուրգեն և Գևորգ Դաբաղյանները:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Գուրգենը նշեց, որ առավոտյան Վահագն Հովնանյանն իրեն և հորեղբորը հրավիրել է, որպեսզի հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն հայկական երաժշտությանն ու դուդուկին: Գուրգենի խոսքով՝ իրենք սիրով համաձայնել են: «Հիմնականում կատարել ենք «Հորովելը», երգել եմ նաև «Դլե յամանը»: Երգերի ընթացքում քար լռություն էր. Քարդաշյանններն ուշադրությամբ լսում էին, որից հետո նրանք և նրանց աշխատակազմի ներկայացուցիչները մոտեցան ինձ, շնորհակալություն հայտնեցին, և մենք փոխանակվեցինք կոորդինատներով,-ասաց Գուրգենը՝ ավելացնելով,- հանդիպումից հետո հասկացա, որ նրանք նորմալ մարդիկ են, որոնց հետ կարելի է ուտել, խմել, ծիծաղել և հումոր անել :)»:

 

 

Ըստ երգչի՝ Քարդաշյան քույրերի հետ նկարվելուց հետո նրանց է փոխանցել իր DVD-ն, որում բացի երևանյան մենահամերգից, կա նաև հայկական դրոշով Արարատի գագաթը բարձրանալու տեսանյութը: «Նրանց շատ հետաքրքրեց հատկապես դա: Հարցրեցին՝ իսկապես բարձրացե՞լ եմ, երգե՞լ եմ, ու խոստացան անպայման դիտել այն»,- ավելացրեց երգիչը:

 

 

                                                                                                                                    Զրուցեց Արևիկ Իսաջանյանը