Արև եմ խմել, արբած եմ ես...
Շատ մեծ քաջություն է պահանջվում բաց թողնել խոսքը, երբ չես կարողանում գտնել հասցեատիրոջը կամ գտնում ես ու չես կարողանում տեղ հասցնել, որովհետև արժեքները տարբեր են, մարդն էլ արժանի Է նրան, ինչ ձեռք է բերել... Շատ քիչ է պատահում, որ հավատում ես մարդուն... Ես հավատում էի Հասմիկ Պապյանի լռությանը, բառին... Ոչ մի արհեստական բան չնկատեցի:
Մեծությանն հատուկ համեստությամբ, ազնվականին հատուկ խնդություն սրտի...
Զրուցել եմ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ: Աստվածային շնորհերով օժտված, ազնվական, տաղանդաշատ մեծություն, ում հետ զրուցելուց բառը գտավ տիրոջն ու դարձավ խոսք, խոսքը՝ արժևորվեց... Մեծության հետ խոսելը նման է երազանքի, երբ ուզում ես գտնել, գտնում ես ու շատ հարցեր ունես, մինչդեռ ժամանակը արագահոս է ու չես նկատում, ինչպես օրը սկսեց ավարտվել... ու էլի հարցեր կային, բայց մնացին հարցերն անավարտ: Մի խոսքով հպարտ եմ ու այն երջանիկներից, ով բախտ ունեցավ տեսնել, շփվել, լսել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր,՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան». Հասմիկ Պապյան մեծությանն ու օրս կայացավ...
-Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ անկրկնելի համերգներ ունեցաք վերջերս Երևանում, և բախտ վիճակվեց, որ ես ներկա եղա համերգին: Մինչև հիմա ոգևորված եմ' ցնցված: Հպարտ և վստահ կարող եմ ասել, որ հանդիսատեսը կարոտել էր Ձեզ, նաև սպասում էր, որ կրկին բախտ է ունենալու Ձեզ բեմի վրա տեսնելու:
Ծափողջույնները չէին դադարում, ներկա լինելով՝ զգում էի, թե ինչքան հուզված էիք նաև Դուք: Այդ օրը հասկացա, որ հայ հանդիսատեսն իրոք սպասում է բարձրորակ երաժշտության: Չգիտեմ, Դուք համաձայն ե՞ք ինձ հետ, թե ոչ, բայց այն ինչ ես եմ զգացել, չեմ կարող բառերով արտահայտել, ուստի ի՞նչ կասեք, Դուք ի՞նչ զգացիք հատկապես համերգից հետո:
-Շնորհակալ եմ... Գիտեք՝ ես ցնցված էի այդ ընդունելությամբ: Գիտեի, որ Հայաստանում կա բարձրաճաշակ ունկնդիր, որ հայ ունկնդիրն ունի յուրահատուկ բնազդ՝ գնահատելու, լավը վատից տարբերելու, բայց չէի պատկերացնում, որ ունի այդքան անհագ ծարավ երաժշտության հանդեպ: Ունեցա երկու համերգ: Նման ընդունելությունը ինձ համար նաև հուսադրող էր մտածելու համար, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Իհարկե, լավ կլիներ, որ համերգը լիներ ավելի բեմադրական, լիներ բեմադրություն, սակայն դրա համար անհրաժեշտ էր տարածություն: Իհարկե, կարողացա հասնել նրան, որ օգտագործվեին բեմադրական որոշ տարրեր, սակայն ՝ ոչ ավելին: Հազիվ էի կարողանում բեմի վրա շարժվել:
Ես իմ գործունեության ընթացքում երգել եմ շուրջ 100 տոսկաներ աշխարհի ամենամեծ դիրիժորների և երաժիշտների հետ, բայց այս մեկով առանձնակի ուրախ եմ, որովհետև ես հասկացա, որ սխալ է այն ձևավորված միտքը, թե Հայաստանում ունկնդիրն է պահանջում վատորակ արվեստ: Իսկ դուք ունկնդրին հարցրել եք, թե նա ինչ է պահանջում: Օպերային երաժշտություն լսողը չի կարող լսել… (անուններ չեմ ուզում տալ) : Եվ գիտեք ինձ նաև ինչն էր ոգևորում ՝ այստեղ իմ հանդիսատեսի մեծ մասը երիտասարդներ էին:
Եվրոպայում այդպես չէ. նմանատիպ համերգների մշտապես հաճախում են ծերերը, ավագ սերունդը, երիտասարդները դրանք, այսինքն օպերա նախընտրում են լսել սկավառակներով կամ ինտերնետային կայքերի միջոցով, իսկ այստեղ պատկերն այլ էր: Եվ հաճելի էր, որ համերգի ժամանակ տիրում էր երանելի մթնոլորտ . ոչ մեկի հեռախոսը չզնգաց, ոչ մեկ չհազաց, դահլիճից դուրս չեկավ ոչ մեկ համերգի ընթացքում, ասես շունչները պահած ուշադիր լսում էին: Սա մի երևույթ էր, այս ողջ տպավորություններն ու զգացողությունները պետք է տանեմ ինձ հետ:
-Չե՞ք կարծում, որ հաճախ է պետք համերգներով լինել Հայաստանում: Որովհետև այսօր իսկական արժեքները մի փոքր վերացել են, դաշտ է դուրս եկել, անորակ երաժշտությունը, իսկ օպերային արվեստը մի փոքր հետ է մնացել, ինչպես արվեստի մյուս ճյուղերը: Դուք, աշխարհի լավագույն բեմերը նվաճած մեծություն եք, ի՞նչ կասեք, ի՞նչ է պետք այսօր անել, որ հայ հանդիսատեսը միանգամայն վերադառնա, կանգնի իրական արժեքների և ճշմարիտ արվեստի կողքին:
-Կոնկրետ օպերային թատրոնին պետք են անձնուրաց և պրոֆեսիոնալ նվիրյալներ, ովքեր կհասկանան, թե ինչ է օպերան, ինչն է սխալ և ինչպես է պետք այդ սխալները փոխել: Մենք այս հարցում դանդաղում ենք: Օպերային թատրոնը ինչ-որ երկար է դանդաղում, օրինակ ՝ Ֆիլհարմոնիկը ահագին գործ է անում, չես կարող ասել, որ պարապության է մատնված: Գիտեք ՝ Հայաստանում մշակութային կյանքը բավականին հագեցած է, այդ հագեցվածությունից հետ է մնում միայն օպերան: Այն հետ է մնում ամեն իմաստներով, այն, ասես, նիրհի մեջ է :
Սակայն պետք է գիտակցել, որ երգչի կյանքը բեմում շատ կարճ է: Բոլորը մի տեսակ սպասումի մեջ են: Դա մի տեսակ ձեռնտու վիճակ է ստեղծում: Պետք է մարդ, ով սիրի այս թատրոնը, սիրի երգչին, սիրի ամեն ինչ ՝ կապված թատրոնի հետ: Օպերային թատրոնը սինթեզ է բոլոր արվեստների ՝ երաժշտություն, բեմական արվեստ, նկարչություն և այլն: Այս ամենից գիտակ, շնորհալի մարդ է հարկավոր:
Չունենք պատվախնդրություն. 28 տարի առաջ մեր օպերային թատրոնում կար 26 անուն ներկայացում, թատրոնում ներկայացում կար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, կիրակի օրն անգամ կար երկու ներկայացում, պատկերացնում եք, թեև կարող է նաև հիշեք, թե ինչպես էր նույնիսկ օպերայի շենքը ապրում, ապրում, որովհետև բնականոն աշխատանքի մեջ էր: Թատրոնը մեր տունն էր, մենք ապրում էինք թատրոնով, իսկ այսօր երգիչներն անգամ տեղյակ չեն ՝ ինչ կա ներսում:
Օպերային թատրոնը պետք է ունենա մշակված ստրատեգիա: Պետք է անընդհատ փոփոխության ենթարկել, «շրջանառության» մեջ դնել ամեն ինչ: Երգիչը չի կարող մնալ նույն տեղում, նա պիտի գա, թատրոնում ստեղծագործի, երիտասարդները պետք է դուրս գան, կայանան, ապա ՝ վերադառնան, միասին նախագծեր կազմակերպվի, միասնական համերգներ տրվեն, պետք է մի տոնախմբություն լինի: Այսպես է Եվրոպայում: Թատրոններն ունեն իրենց խաղացանկը, սակայն ժամանակ առ ժամանակ հրավիրվում են աստղեր և կազմակերպվում են հրաշալի միասնական համերգներ: Որակյալ արվեստով պետք է կրթել մատաղ սերնդին:
Եթե երեխան փոքր հասակում չի լսել Բախ, Բեթհովեն, ապա երիտասարդ հասակում նա դա ուղղակի չի կարող լսել, հասկանալ: Դասական երաժշտությամբ կրթված մարդը չի կարող չար, նախանձ, գող լինել, ժամանակին Հայաստանում հենց այդպես էլ կրթվում էր սերունդը: Դա գումարի հետ կապված խնդիր չէ, քիչ գումարով էլ կարելի է հասնել այս ամենին: Հայը դա կարող է անել: Ինձ համար այս Տոսկան սիրելի էր նաև այն բանի շնորհիվ, որ ինձ հետ բեմում բոլորը հայեր էին: Ես բազմաթիվ ազգի ներկայացուցիչների հետ եմ երգել, սակայն բացառապես հայերի հետ ՝ առաջին անգամ: Այսինքն, այնպես չէ, որ մենք համապատասխան ներուժը չունենք, պարզապես անհրաժեշտ է մարդ, նվիրյալ, ով կունենա ցանկություն դա անելու և այս համընդհանուր թմբիրից արթնացնելու օպերային թատրոնը:
-Աստվածային շնորհներով օժտված և տաղանդաշատ Մարդու հետ խոսելը ինձ համար դժվար և պատասխանատու բան է, բայց պետք է ներողություն խնդրեմ և հարցնեմ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չեք ապրում:
-Պատճառը միայն և միայն ինքնակայացման խնդիրն էր: Եթե Հայաստանը լիներ Շվեյցարիայի պես տնտեսապես կայուն երկիր, ես միևնույն է՝ կգնայի: Երգիչը պիտի դուրս գա իր միջավայրից, պիտի տեսնի շատ բան: Աշխարհի թատրոնները չես կարող բերել այստեղ, դու պիտի գնաս: Ես Հայաստանից գնացել եմ 1990 թ., պայմանագրով : Դրանք ծանր ժամանակներ էին, երբ Հայաստանից ինչ – որ տեղ գնալը լուրջ խնդիր էր, իսկ ինձ կայանալ էր հարկավոր: Մինչդեռ օրեր են եղել, երբ ես առավոտյան արթնացել եմ Փարիզում, իսկ երեկոյան համերգով հանդես եկել Նյու Յորքում: Այսպիսին պիտի լինի երգչի բնականոն, հարուստ ստեղծագործական կյանքը:
Ես շուրջ 45 դերեր եմ երգել, այդ ամենին հասել եմ աշխարհայացքս լայնացնելու շնորհիվ: Սակայն մշտապես կապված եմ եղել Հայաստանի հետ, իմ արձակուրդները ես մշտապես անցկացրել եմ Հայաստանում, Հայաստանում են ապրում իմ հարազատները և ես ուղղակի չեմ կարող կտրվեմ իմ հայրենիքից, որովհետև հայրենիքը մեկն է, այն կրկին չես կարող ունենալ: Երբ Իսրայելում հանդես էի գալիս «Հրեուհի» օպերայում, հանդիսատեսի շարքերում էր նաև Սիլվա Կապուտիկյանը: Ավարտից հետո մոտեցավ և իր գիրքը նվիրեց ՝ գրառմամբ . « Ուր էլ որ գնաս, թող ճամփաներդ սկսվեն Հայաստանից»:
Այն ժամանակվա համար դա դժվար մի բան էր: Այսօր դա իրագործելը հնարավոր է, բայց այսօր Հայաստանում ապրել չեմ կարող զուտ տեխնիկական հարցերի պատճառով ՝ աղջիկս դպրոց է հաճախում և սովորում է բավականին լավ, տեղափոխելուց հետո նա լուրջ հոգեբանական խնդիրների առջև կարող է կանգնել լեզվամտածողության փոփոխման պատճառով: Ասեմ, որ աղջիկս բավականին հաջող հայերեն գիտի, այնպես չէ, որ Հայաստանից դուրս մենք հայերեն չենք շփվում իրար հատ: Իհարկե, ես չեմ պատրաստվում մնալ Հայաստանից դուրս մշտապես: Ես վերադառնալու եմ, դա հաստատ:
-Ո՞վ է Հասմիկ Պապյանը ընտանիքում: Հասցնում ե՞ք հաճախ ժամանակ տրամադրել հարազաներին:
-Ժամանակ քիչ եմ ունենում, բայց այդ քիչը որակական իմաստով փորձում եմ արդյունավետ դարձնել: Ես չեմ տեսել՝ ինչպես է մեծանում իմ երեխան, մինչև 6 տարեկան նա շրջագայել է ինձ հետ, բայց դրանից հետո , դպրոց հաճախելու փաստն առաջ եկավ և այլևս հնարավոր չեղավ միասին շրջագայելը: Եթե անգամ շրջագայության մեջ չեմ, ես օրվա մեջ ունենում եմ 9 ժամ փորձեր, վերադառնում եմ տուն շատ հոգնած, ինձ դժվար է լինում խոսել, ես հաջորդ օրվա համար խնայում եմ ձայնս, խնայում եմ ուժերս:
Իհարկե, ազատ ժամերը միշտ ընտանիքիս հետ եմ անցկացնում: Բացի այդ, կան կապի միջոցներ, կա կապող մի էներգիա, ջերմություն, մի զգացողություն, որ քո թիկունքին կանգնած է քո ընտանիքը, դա հրաշալի զգացողություն է : Ցանկալի է , անշուշտ, ընտանիքի հետ երկար ժամանակ անցնակցնելը, բայց երևի թե սա էլ զրկանքներից մեկն է , որ պահանջում է մեր մասնագիտությունը: Համաձայն ես զոհաբերության , դու կդառնաս այն, ինչ ուզում ես : Սա, թերևս, զոհաբերություններից մեկն է:
-Առհասարակ ի՞նչ է պետք կամ պակաս, որ այսօր չկա, այն չէ: Դարձել ենք անտարբեր, անհոգի, նախանձ, ծույլ... և դա՞ է պատճառը միգուցե, որ այսօր Հայը հայտնվել է ծանր դրության մեջ... ու՞մ մեղադրել: Մի՞թե մենք՝ հայերս դատապարտված ենք դառը ճակատագրի տակից դուրս չգալու, միշտ ծանրության տակ ապրել... Եվ, եթե բնութագրելու լինենք Հային...
-Դրա պակասը միայն Հայաստանում չէ, որ կա, դա համաշխարհային բնույթ ունի: Ամբողջ աշխարհում այդ միտումն աճում է: Դա աճում է մրցակցության արդյունքում: Ուղղակի դրսում դա ավելի քաղաքակիրթ է արվում , այնտեղ էլ քեզ նախանձում են, այնտեղ էլ կա պայքար ՝ առաջինը լինելու, պարզապես այնտեղ դրա արդյունքում քո անձը չեն վիրավորում, քեզ ցավ չեն պատճառում, տարբերությունը միայն սրա մեջ է:
Երգչի մասնագիտության առաջին նախապայմանը լավ իմաստով ամբիցիաներ և սեր ունենալն է : Հոգևորի պակասը աշխարհում , նաև ՝ Հայաստանում, գալիս է նաև ընդգծված սպառման հոգեբանության առկայությունից: Մարդիկ իրենց մեջ եղած հոգևոր քաղցը հագեցնում են շքեղ ապրանքներ առնելով: Դա մեծ չարիք է և գլոբալ խնդիր է : Գերմանիայում փորձ է արվում վերադառնալ մարդկային հարաբերություններին . դա առաջին հերթին երկրի տնտեսական աճի համար է արվում:
Ընտանիքում ծերերին խնամելու համար վերադառնում են հին կոնցեպտին ՝ վճարում են ընտանիքի անդամներին ՝ նրանց խնամքով զբաղվելու համար, ինչն ավելի էժան է պետության համար, քան ծերանոցներում ծերերի խնամքի կազմակերպումը: Եթե մարդը հասկանա, որ ոչինչ չի տանելու այս աշխարհից, ամեն ինչ այլ կերպ կլինի, հասկանա, որ հիսուն զույգ կոշիկ ունենալու մեջ չէ երջանկությունը:
Այս համատարած անկշտությունը մեծագույն չարիք է: Հայերի դեպքում դրան գումարվում է նաև վաղվա օրվա հանդեպ ունեցած անվստահությունը : Հայն էլ մի այլ սովորույթ ունի ՝ հավաքել, կուտակել, էլի կուտակել, ում համար, ինչի համար, այն դեպքում, երբ կուտակելու ընթացքում այնպես է ստացվում, որ չես հասցնում ավարտել ու մեկ էլ գնում ես այն աշխարհ… Սա մտայնության փոփոխության խնդիր է: Մենք ՝ հայերս, նման ենք Թումանյանի հեքիաթների հերոսներին ՝ միամիտ, անհեռատես:
Այդպես էլ չենք կարողանում դառնալ ինքնավստահ, չնայած, որ բոլոր նախադրյալներն ունենք դրա համար: Այս դուրս – ներս անելը կբուժի կարծում եմ մեզ, կդառնա բալասան, կհասկանանք, որ դրսում դրախտ չկա, մենք մեր սեփական երկիրը պիտի դարձնենք դրախտ: Ի վերջո, ով կարող է ասել, թե որտեղ է ապահով երկիրը: Ամենուրեք տարերային աղետներ են: Պետք է պարզապես հետք թողնել ապրածից, պարզապես բարի անուն թողնել:
-Ես հավատում եմ... Ամենից շատ Հասմիկ Պապյանը ու՞մն է հավատում:
-Բարձրյալին… Ես հավատում եմ, որ կա պահապան հրեշտակ: Կա ինձ համար, կա նաև ազգի համար պահապան հրեշտակ: Ես տեսակով եկեղեցի գնացող չեմ, հաճախ չեմ լինում, բայց կա բարձրյալի հետ այդ մշտական կապը :
-Տիկին Պապյանի, պետության կողմից հրավեր կամ պետական հովանու ներքո, (ինչպես որ հաճախ արվում է մեզ մոտ) երբևէ ունեցել ե՞ք համերգ:
-Ոչ. նման առաջարկ չի եղել, բայց իմ երգելու համար բարձր հովանի պետք չէ: Չվիրավորելով որևէ մեկին, ասեմ, որ իմ սովորական ելույթի համար բարձր հովանու կարիք չկա:
-Ի՞նչ բան է կյանքը Ձեզ համար: Հաճախ կան մարդիկ, որ ասում են, թե կյանքը հրաշք է և այն պետք է զգալ:
-Կյաքնը պարգև է բնությունից, ժամանակ առ ժամանակ դա պետք է զգալ: Հաճախ մոռանում ենք, այո', որ կյանքը դա հրաշք է:
-Ես կռիվ ունեմ... եթե շարունակելու լինեք, ինչպե՞ս կշարունակեք...
-Կռիվ ունեմ հայի էդ տեսակի հետ, որ առանց կողքիններին նայելու առաջ է գնում, ուղիղ... առանց մտածելու ՝ ով է , որտեղից է եկել, առանց նկատելու կողքի անտունին, անոթի մարդուն , անօգնական մարդուն… Այս տեսակ հայի հետ մշտապես կռիվ ունեմ…
-Աստված և Հասմիկ Պապյան հարաբերության մասին, ի՞նչ կասեիք:
-Ասացի արդեն, պահեր են եղել, որ համոզվել եմ, որ ոչինչ պատահական չի եղել իմ կյանքում: Տիեզերական մի բանաձև հստակ աշխատում է իմ ներսում. եթե ես ինքնամոռացության աստիճան աշխատեմ, լինեմ շիտակ ու ազնիվ, ես ստանում եմ վարձատրություն, ինձ համար դռներ են բացվում: Այդ կապը բնավ պատահական չէ:
-Մեր ժողովուրդը կարոտ է ճշմարիտ, իրական արվեստագետի խոսքին, ուստի, ի՞նչ կմաղթեք մեր ազգին:
-Ազգը, որը պետք է լսի իմ խոսքը, այդ խոսքի կարիքը չունի: Ժողովուրդը ճիշտ է ապրում, նրան այնքան քիչ բան է պետք բավարարվելու համար, նա այնքան համբերություն ունի, նույնիսկ տարօրինակ համբերություն: Մի քանիսը պետք է մտածեն ոչ թե ազգի, այլ հենց իրենց բարորության համար: Ես սուպերմարկետներ չեմ գնում, դա իմ պայքարի ձևն է :
Տաքսիստին մի քանի հարյուր դրամ ես թողնում, նա այնքան գոհ է քեզնից, կանաչի վաճառողին մի հաճոյախոսությունն անգամ կարող է գոհացնել: Ժողովուրդը ծով համբերություն ունի … Եվ հետո , պետք է վերացնել օտարամոլությունը մեզնից, ինչու պիտի հայկական խանութները կամ ասենք տաքսի ծառայություններն ունենան օտար անուններ: Հենց այսպես էլ կորցնում ենք մեր դեմքը, քիչ – քիչ , կաթիլ առ կաթիլ:
Թվում է փոքրիկ բաներ են իմ ասածները, բայց փոքրիկ մոլախոտն է գալիս, հետո գնալով մեծանում ու տարածվում... բայց երբ չես թողնում, որ մոլախոտը մեծանա, գործը հետո ավելի է հեշտանում: Գիտեք, այնքան վատ եմ զգում, երբ օդանավակայանից ուղևորվում ես ու այդ կազինոների առատությունը, լույսերը, որ թվում է առաջինը, երբ մտնում ես Հայաստան, քեզ կազինոներն են դիմավորում: Դա իսկապես ամոթ է մեզ նման մարդկանց, դա ճիշտ բան չէ, ինչ պետք է մտածի օտարը, երբ առաջին անգամ է ոտք դնում Հայաստան: Բոլոր հսկայական երկրներում չես տեսնի նման բան, մեկ-երկու կազինո ունեն այդ հսկա երկները, իսկ մեզ մոտ... Այնպես որ, համբերություն ունեցող ազգին էլ ինչ մաղթես... որտեղ կարծես բոլորը ճիշտ են ապրում...
-Շնորհակալ եմ տիկին Պապյան հանդիպման և ջերմ զրույցի համար և անհամբեր սպասում ենք Ձեզ կրկին համերգներով. Հրաշք է, երբ մարդ իր մեջ կրում է աշխարհի բոլոր գույները... հաջողություն Ձեզ: Հաջողություն...
Հարցազրույցը` Արթուր Հայրապետյանի