Հռչակավոր Daily Mail-ը նույնպես անդրադարձել է Քարդաշյանների` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցին:Նրանք հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը: Կայքը գրում է նաև, որ Քարդաշյանների այցը Հայաստան ողջունել են քաղաքական գործիչները և հանրային դեմքերը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` Քարդաշյանը աշխարհում շատ հայտնի է: «Մենք շատ ուրախ ենք, որ նա եկել է իր հայրենիք: Նրա այցի շնորհիվ`այս օրերին Հայաստանը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է»,-ասել է Գալուստ Սահակյանը:
Պարբերականը, տեղադրելով Քիմի և նրա ամուսնու` Քանյե Ուեսթի լուսանկարները, հոդվածը վերնագրել է այսպես. «Թույլ տուր ցույց տալ քեզ իմ երկիրը»
Daily Mail-ը գրում է, որ Քարդաշյանները Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելիս մռայլ տեսք ունեին, իսկ 30-ամյա Քլոեն անգամ մի պահ սրբեց իր արցունքները, երբ լռության մեջ իր զարմուհիների հետ կանգնած էր հուշահամալիրում: Daily Mail-ը նշում է նաև, որ ութօրյա այցելության ընթացքում Քարդաշյանները լինելու են Հայաստանի ազգային արխիվում` տեսնելու իրենց նախնիների մասին փաստաթղթերը, ինչպես նաև այցելելու են Գյումրի, որտեղ բնակվում են նրանց հեռավոր բարեկամները:
Քիմը սոցցանցերում 77 միլիոն հետևորդ ունի, որոնք հետևում են նրա ամեն մի քայլին:Քարդաշյանների այցի շնորհիվ` շատերն իմացան հայերի ցեղասպանության մասին:
.