Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան շարունակում է մնալ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները նշում են. այս այցով Քարդաշյանները «մասնակցում են Հայոց ցեղասպանությանը քարոզչությանը»:

 

Թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականը նշել է, որ Քիմ Քարդաշյանը 21 ամսական դստեր` Նորթի, ամուսնու` Քայնե Վեսթի և քրոջ` Քլոեի հետ Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար: Լրատվականը նշում է, որ այցի ընթացքում Քիմը Ցեղասպանության մասին պատրաստվում է տեսաֆիլմ նկարահանել, ինչպես նաև հանդիպել իր հեռավոր բարեկամներին:

 

Նմանատիպ բովանադակությամբ հրապարակում է կատարել նաև թուրքական մեկ այլ լրատվական` CNN Turk-ը` մեջբերելով այցի կազմակերպիչների արած մեկնաբանությունն այն մասին, որ Քարդաշյանը Հայաստանում կոգեկոչի Ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Թուրքական «Սաբահ» պարբերականը Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան հրապարակել է «Հայերի նոր հույս Քիմ Քարդաշյանը» խորագրով: Լրատվականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Քարդաշյանների ունեցած հանդիպմանը` մեջբերելով Քիմի հետևյալ խոսքերը. «Խոսք եմ տալիս, որ շարունակելու եմ պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար»: «Սաբահ»-ը հիշատակել է նաև հայ աստղի խոսքն այն մասին, որ խոստանում է հայերեն սովորել:

 

Մեկ այլ լրատվական` «Վաթան»-ը, ևս նմանօրինակ հրապարակում է արել` տեղեկացնելով, որ Քարդաշյանների այցելության կապակցությամբ աշխարհահռչակ ընտանիքը Երևանում փակել է տվել հյուրանոցի երկու հարկերը:

 

Քարդաշյանների այցը Հայաստան լուսաբանել են նաև Posta պարբերականը, ensonhaber.com-ը և շատ այլ լրատվամիջոցներ: