Վերականգնելով ամենասիրված ու սպասված խորագրերից «Նորաձևության ոստիկանությունը»' այս անգամ մեր բաժանմունքում հայտնվել են գլխարկներով, հարդարման տարբեր պարագաներով աչքի ընկած հայտնիները: Նրանց կերպարային քննությունն այս անգամ կատարեց երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

Մասնագիտությամբ աստվածաբան Արայիկի դեպքում ճիշտ կլինի փաստել այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի. ցանկացած բան, որ արվում է սիրով ու հաճույքով, լավ արդյունքներ է ունենում: Պատահական չէ, որ հենց Արայիկն է քննել մեր հայտնիներին, քանի որ նրա հեղինակած աշխատանքներում հանդիպել ենք նմանօրինակ կերպարների: Բավական է նշել միայն երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի անունը, ում բեմական կերպարների հեղինակը հենց Արայիկն է, ամեն ինչ իսկույն պարզ կդառնա: Ոճաբանի խոսքերով' մեր հայտնիներից ոմանց բեմական կերպարները գրագետ են: «Կան մարդիկ, ովքեր պահպանում են բեմական կանոնները. կարող եմ առանձնացնել Արմինկային, ով միշտ գրագետ կերպարով է: Տղամարդկանցից, օրինակ, Անդրեն միշտ ճիշտ հագուստով է հայտնվում ճիշտ տեղում»,- կարծում է 26-ամյա Արայիկը, ով 2009-ին Փարիզում մասնակցել է Համաշխարհային ոճաբանների ասոցիացիայի կազմակերպած բաց առաջնությանը' «Full fashion look» անվանակարգում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Անի Քրիստի- Շատ հավանեցի պարանոցի շղթաները, որոնց հետ օգտագործված առանձին զարդերը (սոլի բանալին և սրտաձև վզնոցը) պարզապես կարող էին չլինել: Իսկ գլխի աքսեսուարը շատ վատ իրականացված ձեռքի աշխատանք է: Այստեղ Անիի դիմահարդարումը, կարծում եմ, չափից ավելի է. տեղին չէ կոպերի կապույտ երանգից մանուշակագույնի անցումը: Գեղեցիկ կլինեին բաց երանգներով ընդգծված աչքերը, վերևի շրթունքն էլ' մի փոքր մեծացրած, որը դարձյալ պետք է ներկված լիներ առանց փայլի, բաց երանգով:

Սուսաննա Պետրոսյան- Իմ կարծիքով' շատ անհամադրելի է ծովափնյա գլխարկը կեդերի ու շարֆի հետ: Հուսով եմ' լուսանկարը սիրողական է և չի արվել հանրությանը ներկայացնելու համար:

Էմմա Ասատրյան- Էմմայի դեպքում տիպիկ աֆրիկյան ոճի գլխաշոր' «տուրբան» է օգտագործված: Գունային համադրությունը հաջող է, գուցե այս կերպարին չէին խանգարի նաև փոքր-ինչ ընդգծված աչքերն ու այտոսկրերը:

Լիլիթ Հովհաննիսյան- Այստեղ ինձ գրավում է «տուրբանի» չափը: Երգչուհին իրեն բնորոշ համարձակությամբ օգտագործել է մեծ ծավալով գլխակապեր: Ի դեպ, հայ երգչուհիներից նա առաջինը սկսեց

«տուրբան» օգտագործել: Այստեղ թևի փոքրիկ աքսեսուարը կամբողջացներ կերպարը:

Սիրուշո- Մազերի աքսեսուարը խիստ նորաձև էր 2010-ի ձմռանը. մի քանի նորաձևության տներ այն օգտագործեցին իրենց 2010-2011 ձմեռային հավաքածուներում: Ընդհանուր կերպարը ստացված է:

Վահրամ Պետրոսյան- Գլխարկը ոճային է, սակայն գույնի և գործվածքի պատճառով մեծացել է Վահրամի ոչ շատ փոքր գլուխը:

Ինգա և Անուշ Արշակյաններ- Արշակյան քույրերն իրենց ոճում են, սակայն համաձայն չեմ գլխակապի գործվածքի ու վրայի վարդի հետ: Եթե ականջօղեր են դրել, ապա գլխակապը մի փոքր ավելի վերև պետք է լիներ: Կերպարն ավելի «խառակտերնի» դարձնելու համար հոնքերը մի փոքր ավելի երկար ու բարձր կընդգծեի:

Նունե Եսայան- Առանձին-առանձին' թե´ գլխարկը, թե´ վերնաշապիկը, թե´ պայուսակն ու երկարաճիտ կոշիկները գեղեցիկ են, բայց այս բոլորի համադրության հետ համաձայն չեմ: Եթե նպատակ են ունեցել կերտել առօրյա կերպար, ապա մազերը պետք է հավաքված լինեին, ինչպես նաև օգտագործեին կա´մ ակնոցը, կա´մ գլխարկը:

Թինա Կանդելակի- Այսպիսի գլխաշորեր կապելը շատ «ռիսկային» է. այն կապողը պետք է կատարյալ դիմագծեր ունենա, ընդգծված աչք-ունք, օվալաձև դեմք: Թինայի դեպքում, կարծում եմ, քիթը փոքր ինչ մեծ է, սակայն ընդհանուր վիճակը վատ չէ: Միայն կարելի էր արձակել վերնաշապիկի ևս մեկ կոճակը և օգտագործել ավելի մեծ ականջօղեր:

Անահիտ Սիմոնյան, Հռիփսիմե Հակոբյան- Երևում է' այս լուսանկարն արվել է արևելյան որև է երկրում: Հուսով եմ' երգչուհիները նպատակ չեն ունեցել գլխաշորերն օգտագործել որպես աքսեսուար, այլ կապել են այն որպես տվյալ երկրի կանանց հագուստի բաղկացուցիչ մաս:

Աննա Մարիա Գալոյան- Ե´վ գլխարկը, և´ «բոդին» ու կիսաշրջազգեստը առանձին-առանձին գեղեցիկ են, բայց, իմ կարծիքով, ոչ համադրելի: Նրա փոքրամարմին և շիկահեր լինելը հաշվի առնելով' պետք է օգտագործվեր ավելի փոքր չափսերի գլխարկ: Տեղին չէ նաև պուտավոր զուգագուլպան:

Սոնա Շահգելդյան- Համաձայն եմ գլխաշորի թե´ կապած ձևի, թե´ գույնի հետ: Տեղին են նաև մեծ ականջօղերը, սակայն շատ է ծանրաբեռնված պարանոցի հատվածը. ավելորդ է փետուրներով վզնոցը, ինչն ակնհայտ կարճացրել է երգչուհու պարանոցը: «Տուրբանի» նկատի ունի' գլխաշորը-հեղ.) և ականջօղերի հետ ավելի գեղեցիկ կլինեին սև երկար զգեստն ու խոշոր թևնոցները: Կարծում եմ' Սոնայի դեպքում ավելի ճիշտ կլիներ արևելյան ոճի դիմահարդարումը' օվալաձև դեմք, սևով ընդգծված աչքեր ու ոսկեգույն երանգով այտոսկրեր:

Աննա Գրիգորյան- Լուսանկարում հստակ չի երևում Աննայի հագուստը, սակայն ես հեռուստահաղորդումներից մեկում տեսել եմ նրան այս կերպարով: Կարող եմ ասել, որ հագուստն ու «վուալը» լրացնում են միմյանց, բայց մի փոքր համաձայն չեմ «վուալի» դիրքի հետ. կարելի էր այն ավելի առաջ բերել: «Վուալը» ինչպես Աննային, այնպես էլ յուրաքանչյուրին ավելի կանացի ու նրբագեղ է դարձնում:

Դավիթ Թուջարյան- Միայն կասեմ, որ ընդհանուր կերպարի հետ արդարացված և գեղեցիկ է գլխակապը. ամեն բան ճիշտ է արված: