Ոճաբան Արամ Նիկոլյանը որոշ ժամանակ առաջ ներկայացրել էր «Իմ երազը» հավաքածուն, որը ստեղծել է հանուն շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժման:
Արամը ESem.am-ին հայտնեց, որ Սևանա լճում կայացած բարեգործական ցուցադրությունից հետո հավաքածուի մեծ մասը վաճառվել է, իսկ այն զգեստները, որոնք դեռ չեն վաճառվել զեղչվել են և արժեն 30,000-50,000 դրամ:
Հավաքածուի զգեստների վրա պատկերված են այն նկարները, որոնք արել են շաքարային դիաբետ ունեցողեր եխաները: «Նպատակն այն էր, որ երեխաները ստանան իրենց աշխատանքի արդյունքը, ոչ թե ինչ-որ մեկն իրենց գումար նվիրաբերի,- ասաց ոճաբանն ու հավելեց, որ երեխաներին տվել է ստեղծագործական ազատություն: -Նրանցից ոչ ոք պրոֆեսիոնալ նկարիչ չէ. սկզբում փորձում էի ուղղորդել երեխաներին, հետո հասկացա, որ երբ նրանց ազատ ես թողնում, առանց կոմպլեքսների են աշխատում: Ես ուղղակի հետևում էի, թե իրենք ինչպես են աշխատում, հանձնարարություններ չեմ տվել»:
Ըստ Արամի՝ զգեստների համար ընտրել է սպիտակ գույնը, քանի որ պետք է ցուցադրեր ոչ թե իր դիզայներական, այլ երեխաների աշխատանքները: «Հուգուստների համար ընտրեցի մինիմալիստական և ճկուն ձևվածքներ: Յուրաքանչյուր զգեստից մեկ օրինակ է, սակայն կտորն ու ձևվածքն այնպիսին են, որ թույլ են տալիս «խաղալ» չափսերի հետ»,- նկատեց ոճաբանը:
Արամը նշեց, որ նախագիծն իրականացվել է «Երազ» հիմնադրամի հետ: «Համագործակցության առաջարկը եղել է «Երազ» հիմնադրամի կողմից, իսկ երեխաների հետ համատեղ աշխատելու գաղափարն իմն է եղել»,- ասաց նա ու հավելեց, որ պատրաստ եմ կրկին համագործակցել նրանց հետ:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը