Երգչուհի Սիլվա Հակոբյանի մուտքը շոու բիզնես կայծակնային էր. 2006 թվականին նա երգեց «Գիշեր է» երգը, որը միանգամից հիթ դարձավ, զուգահեռ հայտնի դարձավ, որ 17-ամյա աղջիկը մասնակցել է «BBC»-ի կազմակերպած մրցույթին ու հաղթանակ բերել Հայաստանին: Սրանից հետո նրա անունը թնդաց երկրով մեկ: ESem.am-ը հետաքրքիր հիշողություններ արթնացնող բլից հարցազրույց է ունեցել Սիլվայի հետ:)
- Ինչպե՞ս կբնութագրես երգացանկդ:
- Բավականին բազմաժանր:)
- Ո՞րն է նախընտրածդ երաժշտական ոճը:
- Քանի որ մասնագիտության բերումով ամեն տեսակ բան երգում ենք, կարելի է ասել՝ ամեն տեսակ երաժշտություն էլ լսում եմ, սակայն դա կախված է տարամադրությունից: Հիմնականում՝ պարային, լինում են նաև մեղեդային երգեր:
- Ո՞րն է եղել առաջին երգդ:
- Մանկությանս տարիներին եղել է «Հեքիաթ» երգը, իսկ որպես տեսահոլովակ՝ «Գիշեր է»-ն:
- Ե՞րբ է եղել առաջին բեմելդ:
- 4 տարեկանում, Վայքի Մշակույթի տան բեմում:
- Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
- Մի քանիսը կնշեմ՝ «Գիշեր է», «Ուշացել եմ», «Դե գնա», «Սիլոյի պարը», «Մռութիկ», «Շնորհավոր»:
- Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:
- Կուռքեր չունեմ, քանի որ նրանց նկատմամբ սերն այլ կերպ է դրսևորվում, սակայն շատ եմ սիրում այն արվեստը, որը ներկայացնում է Բեյոնսեն:
- Կա՞ երգիչ, ում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:
- Բեյոնսեն, Սելին Դիոնը:
- Կա՞ միջազգային հիթ, որը շատ ես ցանկանում կատարել:
- Glenn Lewis-ի «Fall again» երգը, որը 2006 թվականից մինչ օրս կա հեռախոսիս մեջ ու անդադար լսելով չեմ հոգնում: Շատ գեղեցիկ երգ է:
- Ո՞րն է եղել ստացածդ առաջին մրցանակը:
- «Շնորհալիներ-95» փառատոնի ժամանակ ստացածս մրցանակը, որը պահում եմ մինչև հիմա:
- Իսկ ամենաթա՞նկ մրցանակդ:
- Մրցանականեր շատ եմ ստացել, «BBC»-ի մրցանակը շատ եմ կարևորում, սակայն ինձ համար ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է:
- Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ ո՞րն է եղել:
- Իմ առաջին մենահամերգը համալիրում, որին հաջորդեց նաև երկրորդը: Դա շատ ռիսկային քայլ էր իմ կողմից. այդ ժամանակ 21 տարեկան էի ու ներկայացա տասը հազարանոց դահլիճի առաջ: Կարծում եմ՝ ամեն մեկը չէր կարող անել:
- Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատն ո՞վ է:
- Ընտանիքս, առաջին հերթին՝ հայրս:
- Քանի՞ տարի ես բեմում:
- Եթե 4 տարեկանից բեմում եմ, ստացվում է՝ 22 տարի:
- Ո՞վ է քո հայտնի ընկերը շոու բիզնեսից:
- Շոու բիզնեսում բոլորի հետ ունեմ ջերմ հարաբերություններ, ինչը փոխադարձ է, քանի որ ես կոնֆլիկտային մարդ չեմ:
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Իմ մեջ հատուկ փոփոխություններ չեն եղել: Հաստատ չգոռոզացրեց, ուղղակի ավելի շատ պատասխաանատվություն տվեց ամեն ինչի հանդեպ՝ թե՛ իմ աշխատանքում, թե՛ առօրյայում: Ինչու չէ, հաճելի է, որ ճանաչում են, թեև շատ դեպքերում էլ հայտնիությունը խանգարում է:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը