«Արվեստի ճյուղ, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա». այսպիսին է թատրոնի բնորոշումը տարբեր աղբյուրներում: Բայց թատրոնն ավելին է, քան արվեստի ճյուղը: Թատրոնը շատերի համար դարձել է ապրելու իմաստ, կենսակերպ:
Հայ թատրոնը բազմաթիվ հայտնի ու սիրված դերասաններ է ունեցել, իսկ հանդիսատեսը վայելել ու վայելում է հետաքրքիր ներկայացումներ:
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի համոզմամբ՝ Թատրոնի միջազգային օրը բոլոր թատերական գործիչների համար վերածվել է մասնագիտական տոնի:
«Մեր երկրի տոնացույցերի ցանկում առանձնացված չէ թատրոնի օրը, բայց գիտենք ու համոզված ենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը: Մեզ համար թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ ինքնահաստատվելու և սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը, նաև ճանապարհ բացել դեպի վաղվա օր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Ղազանչյանը:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ տարբեր թատերական օջախներում կկազմակերպվեն հանդիսություններ, որոնց գագաթնակետն, անկասկած, Հայաստանի թատերական գործիչների «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է: Այն այս տարի կնվիրվի նշանավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտում էլ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ տեղի կունենա ինստիտուտի առաջին ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարի բացման արարողությունը:
«Նաև թատրոնին նվիրված միջոցառում ենք անցկացվելու, որի ընթացքում կհանձնվեն նվերներ, մեդալներ»,-մեզ հետ զրույցում նշեց ԵԹԿՊԻ ռեկտորի օգնական Աստղիկ Պետրոսյանը:
«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»:Թատրոնի միջազգային օրնառաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է
ողջ աշխարհում:
Օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն 1962 թվականին:
Ռոզա Գրիգորյան