«Լոյս ի Լուսոյ» նախագծի մեկնարկն այլևս տրված է. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում երեկ՝ մարտի 24-ին, կայացավ Տիգրան Համասյանի նախագծի պրեմիերան: «Լոյս ի Լուսոյ» նախագիծն իրենից ենթադրում է 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանություն՝ նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար:
Երեկոյի ընթացքում հնչեցին Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Գ Պահլավունու, Մխիթար Այրիվանեցու, Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մակար Եկմալյանի շարականները, տաղերն ու օրհներգերը: Ծրագրի ավարտից հետո՝ դաշնակահարին և Երևանի պետական կամերային երգչախմբին՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, հանդիսատեսը ծափահարեց հոտնկայս: Ծափերը ետ դարձին դաշնակահարին՝ այս անգամ առանց երգչախմբի, մի վերջին անգամ ներկայացնելու «Ո՞ւր ես, մայր իմ» շարականի համասյանական արդեն սիրված մշակումը:
Այս պրեմիերայից հետո «Լոյս ի լուսոն» իր ճանապարհը կշարունակի դեպի Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցիներ ու համերգասրահներ: