Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով կմեկնարկի Տիգրան Համասյանի նոր՝ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունը նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար։ Երգչախմբի հատվածը կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:
Համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր, հնչելու է 5-20-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն՝ նոր մեկնաբանությամբ:
Կհնչեն Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու և Մաշտոցի ստեղծագործությունները:
Երևանյան համերգից հետո Համասյանը կմեկնի համաշխարհային շրջագայության՝ 100 եկեղեցում հնչեցնելու հայկական հոգևոր երաժշտության իր նոր մշակումները:
«Բոլոր համերգները լինելու են նույն ծրագրով, սկզբում՝ Երևանում, հետո՝ երգչախմբի փոքր կազմով մեկնելու ենք Եվրոպա, մի քանի համերգից հետո կմեկնենք Բեյրութ, հույս ունեմ՝ հենց ապրիլի 24-ին: Մայիսին փոքր կազմով մեծ շրջագայություն ենք նախատեսել Եվրոպայում՝ Շվեցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, հունիսին ծրագրվում է ուխտագնացություն Երևանից-Ստամբուլ: Հույս ունենք, որ Հայաստանի եկեղեցիներում կլինի տասը համերգ, բայց դա դեռ հստակեցված չէ, սպասում ենք: Երկու համերգ նախատեսված է Ջավախքում, որից հետո մենք համերգային ծրագիրը շարունակելու ենք Թուրքիայում. ունենալու ենք ութ համերգ հայկական հին եկեղեցիներում, բացի Պոլիսի եկեղեցուց. Պոլիսում համերգը կլինի հին բյուզանդական եկեղեցում՝ «Սուրբ Իռենի եկեղեցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Համասյանը և նշեց, որ համերգները լինելու են այն քաղաքներում ու վայրերում, որտեղ Ցեղասպանությունից հետո սփռվել են հայերը:
Խոսելով Թոփիկյանի երգչախմբի հետ համագործակցության մտահղացման մասին՝ Համասյանը նշեց, որ նոր նախագծի համար փնտրում էր մաքուր երգեցողություն, ձայներ, որոնք «տաշված չէին կոնսերվատորիայում», ինչը գտավ տվյալ երգչախմբի կատարողների մեջ:
«Տիգրան Համասյանի այս ծրագիրը առաջին հերթին բացառիկ դեր ունի մեզ համար, մեր երիտասարդության համար՝ նրան բերելու հոգևոր դաշտ, հոգևոր արժեքների համակարգ: Մյուս կողմից՝ Տիգրան Համասյանի մեկնաբանությունը շատ գրավիչ է, օտարին արագ կարող է հետաքրքրել և սիրո կապ ստեղծել մեր հոգևոր մշակույթի հետ»,- ասաց Երևանի պետական կամերային երգչախումբի ղեկավար Հարություն Թոփիկյանը:
«Նախագծի հիմնական նպատակն է երախտագիտություն հայտնել հայկական հոգևոր երաժշտության հիմնադիրներին, մեծերին: Կոմիտասին, ինչպես և մյուսներին, չի կարելի քարացնել, սարքել «թանգարանային նմուշ»: Չեմ ընդունում նման մոտեցումը: Պետք է լինեն վերամշակումներ, թեկուզ վատ, բայց պետք է լինեն, որպեսզի ստեղծագործական մակարդակ ստեղծեն»,- ասաց Համասյանը և ավելացրեց, որ պետք չէ միայն ողբալ ու գոռալ և Ցեղասպանությունը ներկայացնել լաց ու կոծով:
«Ցեղասպանությունը չպետք է ներկայացնենք լաց ու կոծով, այլ, ընդհակառակը, պետք է ցույց տանք, որ մեզ սպանելուց հետո էլ մենք կարողացել ենք ոտքի կանգնել և հիմա ունենք մշակույթ, որով կարող ենք դրսում ներկայանալ»,- ասաց Համասյանը:
Խոսելով Երևան-Ստամբուլ ուխտագնացության մասին՝ Տիգրան Համասյանն ասաց, որ Թուրքիայում ելույթները շատ է կարևորում, քանի որ պետք է ներկայացնենք մեր հոգևոր երաժշտությունն այնտեղ, որտեղ այն սկիզբ է առել:
Հարցին, թե ինչո՞ւ հենց հոգևոր երաժշտություն, Համասյանն ասաց, որ հոգևոր երաժշտությունն իրեն հետաքրքրել է 13-14 տարեկանից:
«Նարեկացու տաղերը միանգամից ներխուժեցին սիրտս, չկար օր, որ չլսեի հայկական երաժշտություն: Երկու տարի առաջ ես հասկացա, որ հասունացել եմ այնքան, որ կարող եմ դիպչել այդ երաժշտությանը և առաջին մշակումների փորձարկումներն արեցի»,- ասաց Համասյանը:
Պատասխանելով Լուրեր.com-ի հարցին, թե ումի՞ց է խորհուրդներ ստացել, ո՞ւմ հետ քննարկել նախագծի գաղափարը և մշակումները, Համասյանն ասաց. «Կան մասնագետներ, որոնցից միշտ փորձել եմ կարծիքներ լսել՝ Արամ Քերոբյան, Արթուր Շահնազարյան, Տիգրան Մանսուրյան:
Երբ նոր էի սկսել առաջին մշակումներն անել, Լոս Անջելեսում ես հանդիպեցի Մանսուրյանի հետ, նրան ցույց տվեցի իմ մշակումներից հատվածներ, մենք քննարկեցինք, նա լավ խորհուրդներ տվեց, բայց ամենամեծ խորհուրդները տվել են մեր հոգևոր երաժշտության հայրերը»: