Հայաստանի թատերական գործիչների «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԹԳՄ քարտուղար, մրցանակաբաշխության համակարգող Սոնա Մելոյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օ րը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

 

«Քանի որ նախորդ տարի Սոս Սարգսյանի հոբելյանն էր, մենք այս տարի որոշեցինք, որ «Արտավազդ»-ը նվիրված լինի Սոս Սարգսյանին և նաև նրա անվան հատուկ մրցանակ կլինի: Բացի այդ, կցուցադրվի նրան նվիրված տեսաֆիլմ: Մրցանակի հաղթողին պետք է որոշի ժյուրին: Այն կշնորհվի արական սեռի կամ դերասանի կամ ռեժիսորի»,-տեղեկացրեց Սոնա Մելոյանը:

 

Նրա խոսքով՝ այս տարի շատ են մանկական ներկայացումները, և հնարավոր է, որ ավանդական անվանակարգերին ավելանա ևս մեկը՝ «Լավագույն մանկական ներկայացում»-ը:

 

«Արտավազդ»-ն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

 

«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձևավորում»,  «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:

 

Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 մարդուց բաղկացած փորձագետների խումբ հետևյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյան, բեմադրիչ Լուսինե Երնջակյան, բեմանկարիչ Մերի Սարգսյան, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան:

 

Փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 կամ 2 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա բլանկը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգողի կողմից, մրցանակաբաշխության օրը:

 

Եթե ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների 4 եւ ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվի: Եթե որեւէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքում են 4 եւ ավելի ձայներ, ապա երկուսն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:

 

Հայաստանի թատերական գործիչների միությունն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում նախաձեռնել է մարզային թատրոնների/Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես:

 

Մարտի 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանա նշված ստուգատեսի ամփոփումը, որի ընթացքում կքննարկվեն նաև մարզային թատրոններին վերաբերվող մի շարք խնդիրներ: