Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանում մարտի 8-ին բացվել է իսլանդացի հանրահայտ երգչուհի Բիորքին նվիրված հետահայաց ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ցուցադրանքն ընդգրկում է մենակատարի նրա կարիերայի ավելի քան 20 տարին՝ սկսած 1993 թվականի Debut ալբոմից, որը Բիորքին համաշխարհային հռչակ բերեց, եւ մինչեւ մեր օրերը: Ցուցահանդեսում ներկայացված են երգչուհու բեմական զգեստները, լուսանկարները, ձեռագրերը եւ օրագրերը, ինչպես նաեւ արտասովոր երաժշտական գործիքներ, որոնք նա օգտագործել է իր կոմպոզիցիաները ձայնագրելիս:   

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 7-ը: Երգչուհին ինքը, որն այս տարի կնշի 50-ամյա հոբելյանը, նույնպես այժմ գտնվում Է Նյու Յորքում: Մարտի 7-ին նա ելույթ է ունեցել Քառնեգի-հոլ լեգենդար համերգասրահում: 

 

Բիորք Գուդմունդսդոտիրը հռչակ է ձեռք բերել 11 տարեկանում, երբ նրա ձայնագրությամբ հոլովակը պատահաբար հայտնվել է Իսլանդիայի ռադիոյում եւ հարուցել պրոդյուսերների հետաքրքրությունը: Երգչուհին համաշխարհային ճանաչման է արժանացել 1980-ական թվականների կեսերին, երբ վոկալիստուհի Է դարձել Sugarcubes ռոք-խմբում: Մենակատարի կարիերան Բիորքն սկսել է 1993 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր նա երաժշտության բնագավառում հարթում է իր եզակի ուղին՝ ստեղծելով Էկլեկտիկ ստեղծագործություններ, որոնցում զուգորդվում են ռոքի, ջազի, հյուսիսի ժողովուրդների ավանդական երաժշտության եւ Էլեկտրոնիկայի տարրերը:      

 

Բացի բազմաթիվ երաժշտական մրցանակներից, երգչուհին արժանացել է նաեւ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»: Բիորքը պատվավոր պարգեւի է արժանացել Լարս ֆոն Տրիերի «Խավարում պարողը» (Dancer in the Dark, 2000) ֆիլմում կատարած դերասանական աշխատանքի համար: