ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել իր երկրպագուներին: «Շնորհավոր» երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր Մարտի 8-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն մի քանի օր կուշանա:
Սիլվան ESem.am-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից ու պատմել աշխատանքների մասին: «Շատ թեթև նկարահանումներ ենք ունեցել, քանի որ բոլորը՝ մասսայական տեսարանների մասնակիցներից մինչև ստեղծագործական հիմնական կազմը, դրական, ուրախ մարդիկ էին»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ նկարահանումները տևել են 2 օր: Դրանք եղել են բավականին բարդ և ծավալուն:
Տեսահոլովակը նկարահանվել է Հյուսիսային պողոտայում, գեղեցկության սրահում, խանութում, ռեստորաններից մեկում, Էմմիի տանը և տաղավարում: Երգչուհին պատմեց, որ նկարահանումների մի մասն անցել են շատ ցուրտ պայմաններում, սակայն կարողացել է հաղթահարել ցուրտն ու չհիվանդանալ: «Մասնագիտությանս բերումով իմունիտետ եմ ձեռք բերել և կարողանում եմ ամեն տեսակ պայմաններում գործն ավարտին հասցնել»,- նկատեց նա:
Տեսահոլովակում Սիլվան կներկայանա նոր պարով, որը, նրա կանխատեսմամբ, շատերը կպարեն, հատկապես՝ փոքրիկները: Այն բեմադրել է պարուհի Վիկա Մարտիրոսյանը: Երգչուհին պարում է «Ամարաս» խմբի աղջիկների հետ: Սիլվան նշեց, որ այդ տեսարանը նկարահանելու համար մոտ 20 դուբլ է պահանջվել:)
Հարցին՝ պարելիս բարդություններ լինո՞ւմ են, Սիլվան պատասխանեց. «Կամաց-կամաց բացվում եմ: Տեսահոլովակի նկարահանման ժամանակ շատ բաներից ամաչում ես, վախենում, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարում ես դրանք: Այս առումով շատ բաների սկսել եմ ավելի պրոֆեսիոնալ մոտենալ:) Ընդամենը տասն օր եմ գնացել պարի, բայց կարողացա շարժումները ճիշտ անել: Ինչ խոսք, պրոֆեսիոնալ պարելու համար տարիների աշխատանք է պահանջվում, ես այդքան արհեստավարժ չեմ, սակայն ռեժիսորը դժգոհ չէր:)»:
Երգչուհին նշեց, որ թեև պրեմիերան հետաձգվել է, սակայն շատ չի ուշանա. առաջիկա օրերին հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա գնահատելու նրա նոր աշխատանքը:Ի դեպ, Սիլվան խոստանում է անակնկալ լուծումներով տեսահոլովակ, սակայն առայժմ չի բացահայտում անակնկալը:)
Հաջողություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը