Նյու Յորքում մարտի 16-22-ը կանցկացվի դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի հիմնադրված SR՝ սոցիալական խնդիրներին նվիրված կինոփառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է «Թրայբեկա» կինոթատրոններում:


Փառատոնում ընդգրկված է 33 երկրից ներկայացված 54 ֆիլմ: Ներկայացվելու են նաև հայկական կինոնկարներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը», Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը», Վիկտորիա Բութլեր-Սլոսի «Կիպրոսյան ամառ 1974» և Շահեն Նազարենկոյի «24 /Հավատով» (Հավատով խոստովանում եմ):

 

Ֆիլմերից յուրաքանչյուրը մի հայի պատմություն է: Ռեժիսոր Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը» ֆիլմի հիմքում ընկած է Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին, որը պատճառ է դարձել մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման:

 

Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմությունն է, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարով:

 

Իսկ Շահեն Նազարենկոյի «Հավատով խոստովանում եմ» ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանում եմ» աղոթքի հիման վրա:

 

Կինոփառատոնում ընդրգված են այնպիսի ֆիլմեր, որոնք անդրադառնում են հասարակական հնչողություն ունեցող խնդիրներին՝ ռասայական փոխհարաբերություններին ու խտրականությանը, կանանց դեմ բռնություններին, ոստիկանության դաժանություններին, ներգաղթին ու աքսորին:

 

Կինոռեժիսոր, SR-ի  հիմնադիր և գեղարվեստական տնօրեն Նորա Արմանին նշել է, որ փառատոնն իր մտահղացումն է: «Ես խորապես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու է մեր հասարակության մեջ չարի արմատավորման և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք՝ հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ, ընդհակառա կը, պարզապես ավելի շատ կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին` կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին»,- նշել է փառատոնի հիմնադիրը:


Նորա Արմանին մեծ ճանաչում ունեցող արվեստագետ է: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման միջոցառումներ: Իր փարիզյան ֆիլմերի արտադրության ընկերության՝ Square Mango Films-ի միջոցով նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև այլ երկրներում և փառատոններում:

 

Այս փառատոնը հիմնադրվել է դեռևս 2013 թվականին: