syes.a-ը տեղեկացրել է, որ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչն այսուհետև աշխատելու է Քուվեյթի առաջատար հիվանդանոցներից մեկում: Ինչպես այն ժամանակ նշել էինք, Աշոտը երեքամսյա նախնական պայմանագիր էր կնքել այդ կլինիկայի հետ: «Ե՞ս Yes!»-ի հետ զրույցում պլաստիկ վիրաբույժը նշել էր նաև, որ առայժմ մենակ է մեկնելու Քուվեյթ' հասկանալու, արդյոք կլիմայական պայմանները բավարա՞ր են մշտական բնակության համար, թե՞ ոչ: Ինչպես պարզեցինք Աշոտի հետ զրույցից, նա շատ է հավանել այդ երկիրը, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշել է մշտական բնակության չմեկնել: «Ընդամենը տասը օր մնալուց հետո հասկացա, որ այնտեղ չեմ ապրելու: Մեկ-երկու ամսվա ընդմիջումով դարձյալ 7-10 օրով կմեկնեմ Քուվեյթ' վիրահատություններ անելու, ինչպես արդեն մեկ տարի է' համագործակցում եմ Մոսկվայի կլինիկաներից մեկի հետ: Կապրեմ Երևանում և կաշխատեմ Սուրբ Մարիամ հիվանդանոցում' որպես պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ»:
Աշոտի խոսքերով' առաջարկված աշխատանքն ու դրա պայմանները գոհացուցիչ էին, սակայն երեխաների համար այնքան էլ հարմար երկիր չէր: «Նախ կարծում եմ' ամեն դեպքում իսլամը ճնշում է, չնայած հայկական համայնքը շատ լավն էր: Սակայն երեխաներին ոչ միայն ծնողներն են դաստիարակում, այլև հասարակությունը: Այնտեղ մարդիկ ավելի հարուստ են, ու դա ցուցադրում են այնքան ժամանակ, մինչև իմանում են, որ դու պլաստիկ վիրաբույժ ես, և քեզ հրավիրել են իրենց երկիր աշխատելու. սակայն փողոցում, ամենուր չես կարող նշել այդ փաստը,- ասաց Աշոտն ու հավելեց,- երեխաներիս համար էլ շատ դժվար կլիներ հեռու լինել Ղարաբաղից' իրենց տատիկ-պապիկից: Էստեղ ապահովության հող կա, որոշ չափով գիտես, թե դիմացինդ ինչպես կարձագանքի ասածիդ կամ արածիդ, իսկ էնտեղ նախընտրում ես լռել» Ըստ Աշոտի' Հայաստանում բնակվող բոլոր վիրաբույժներն էլ կարող են աշխատել Քուվեյթում: «Շատ վատ վիրահատություններ եմ տեսել, որից հետո մարդիկ մեծ սպիներ ունեին»,- հայտնեց պլաստիկ վիրաբույժը: Նա ապագայում նպատակ ունի Շուշիում եթե ոչ սեփական կլինիկա ունենալ, ապա համագործակցել տեղի հիվանդանոցներից մեկի հետ և անվճար վիրահատություններ անել: