Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգչի պաշտոնական ֆեսյբուքյան էջում հրապարակվել են նոր լուսանկարներ և գրառում, որում նշված է, որ երաժշտական գործիքները ստուդիայում են՝ Ազնավուրի նոր ալբոմի համար: Ստացվում է, որ աշխարհահռչակ շանսոնյեն նոր ալբոմ է պատրաստում: Հրապարակված լուսանկարներում Ազնավուրին են շրջապատում մի խումբ հայտնի երաժիշտներ:

 

Ի դեպ, Շառլ Ազնավուրի երկրպագուները նախորդ տարվա նոյեմբերի 17-ից հնարավորություն ունեն ձեռք բերելու լեգենդի ստեղծագործություններն ամփոփող և 60 CD ներառող անթոլոգիան: Անթոլոգիան լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը վաճառքի է հանվել Ֆրանսիայի տարածքում:  Այն ներառում է Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և դուետներ, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում:

 

 Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շ արք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: