«Անավարտ թռիչք» ֆիլմի առաջնախաղից հետո գլխավոր դերակատար Տիգրան Մակարյանի տպավորությունների ու հույզերի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմը դիտելուց հետո դերասանի հետ խոսել ենք «Հրեշտակների դպրոցում» և «Անավարտ թռիչքում» իր կերտած կերպարների ընդհանրությունների, որպես դերասան՝ միանման ներկայանալու վտանգների, այժմյան զբաղմունքների և այլնի մասին:

 

 

 

«Ով դիտել է «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը, այս ֆիլմը նայելուց հետո ընդհանուր գծեր կգտնի իմ կերտած կերպարների միջև թե՛ որպես մարզիկ, թե՛ ծնողների, սիրո հետ ունեցած հարաբերությունների առումով: Սակայն ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածել, որովհետև սա գեղավեստական ֆիլմ է:

 

Մի մեծ տարբերություն կա. հեռուստասերիալում մարմնավորում ես կերպար, որը չգիտես ինչ զարգացում կունենա, իսկ էստեղ ունես քեզ առաջադրված շատ հստակ կերպար՝ հստակ խնդիրներով»,- ասաց դերասանն ու հավելեց, որ նախկինում նման կերպար մարմնավորելն իրեն տվել է բավականին մեծ փորձ: Ըստ նրա՝ այժմ լուծումներ տալու շատ տարբերակներ ուներ և կրկնվելու վտանգ չկար:

 

 

Այնուամենանիվ մարտական տեսարաններում նկարահանվելու հաջորդ առաջարկը Տիգրանը, ամենայն հավանականությամբ, կմերժի: «Ոչ թե հուսով եմ, այլ վստահեցնում եմ, որ չեմ դառնալու հայկական Ժան-Կլոդ Վան Դամ: Ասեմ ավելին՝ հաջորդ անգամ, եթե մարտական տեսարաններով ֆիլմ առաջարեն, 90 %-ով կմերժեմ»,- ասաց դերասանն ու նշեց, որ խնդիրը ոչ թե որպես դերասան միանման ներկայանալու մեջ է, այլ հասարակության արձագանքի:

 

 

«Որպես դերասան պատրաստ եմ մարմնավորել ցանկացած կերպար, սակայն Հայաստանում մարդիկ կերպարին դերաակատարից առանձին չեն ընկալում: Մեկ-երկու անգամ նույնատիպ կերպար մարմնավորելուց հետո վրադ շտամպ են խփում, որը հանել չի լինում: Ինձ դա պետք չէ: Ես մասնագիտությամբ դերասան եմ, ոչ թե մարզիկ, որ դուրս գամ իմ մարզական հնարավորությունները ցույց տամ:

 

Մեզ մոտ չեն  կարողանում հասկանալ, որ մարդը դերասան է, առաջին հերթին հաշվի են առել նրա դերասանական հատկանիշները, հետո ուժեղությունը, կան դերեր, որոնց դեպքում գովելի է նաև մարզային պատրաստվածությունը, սակայն առաջնայինը դերասան լինելն է: Մարդիկ քեզ սկսում են վերաբերել որպես սպորտսմենի, ինձ մոտենում են, ասում՝ երեխային բերեմ իր հետ պարապես էն դեպքում, որ ինքս չեմ պարապում: Ես դա չեմ ուզում»,- շեշտեց Տիգրանը:

 

 

 

Ինչ վերաբեևրում է տևական դադարից հետո վերադարձին՝ նա ասաց. «Ծառայության ընթացքում ես էկրաններին էի «Մարտիկ»  հաղորդաշարի շնորհիվ, սակայն դերասանական կարիերայումս դադար էր: Էկրաններից չհեռանալն ինձ համար լավ էր, որովհետև շատ դժվար եմ հարմարվել տեսախցիկին: Փառք  Աստծո, որ այդ 2 տարվա ընթացքում աշխատելու հնարավորություն եմ ունեցել, իսկ ծառայությունս ավարտելուց անմիջապես հետո անցել եմ աշխատանքի: Այս ֆիլմի նկարահանումները սկսվեցին վերադարձիցս 1 ամիս անց  և ժամանակի կորուստ չունեցա»,- նշեց նա:

 

Դերասանի փոխանցմամբ՝ այժմ ոչ մի նոր նախագիծ չկա, որում նկարահանվելու է, սակայն պատրաստ է քննարկել մասնագիտական առաջարկները: Այս ընթացքում, սակայն, Տիգրանը պարապ չի մնում: Նա զբաղվում է համակարգչային գրաֆիկայով:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը