«Էմմի» մրցանակակիր ռեժիսոր Ջոզեֆ Ռոզենդոյի «Պեղելով ապագան. Հայաստան» ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին PBS հեռուստաալիքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մաս է: Ֆիլմը կհեռարձակվի Չիկագոյում, Լոս Անջելեսո ւմ, Բոսթոնում, Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում:
Ռոզենդոն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հնագիտական ինստիտուտի թիմի հետ այցելել էր Հայաստան` նպատակ ունենալով բացահայտել հինավուրց պետությունն ու ֆիլմ նկարահանել իր ուղեւորության մասին: Նա այցելել է հնավայրեր, շեշտը դրել է մշակութային առանձնահատկությունների վրա: Իր ուղեւորության ընթացքում ռեժիսորը եղել է գետափնյա գինու կրպակներում, աղմկոտ շուկաներում և հյուրընկալվել գյուղացիներին՝ ականատես դառնալով արհեստավորների աշխատանքին: Ֆիլմի ռեժիսորը մասնակցել է նաեւ կրոնական, մշակութային ու համայնքային բազմաթիվ տոնակատարությունների, որոնց շնորհիվ բացահայտել է հայերի սիրտն ու ոգին։