«Օսկարի» մրցանակաբաշխության 87-րդ արարողության հեռարձակումը ԱՄՆ-ում էկրանների մոտ ռեկորդային փոքր քանակությամբ հանդիսատես է հավաքել վերջին վեց տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Nielsen ընկերության վիճակագրական տվյալները:
Արարողությունն ԱՄՆ-ում հեռարձակել է ABC հեռուստաալիքը: Այն դիտել է 36,6 մլն մարդ, իսկ վարկանիշը մեծահասակ բնակչության (18-ից մինչեւ 49 տարեկան) շրջանում կազմել է 10,8, հաղորդել է Variety պորտալը: Անցյալ տարվա համեմատությամբ հանդիսատեսների թիվը նվազել է 16 տոկոսով (2014 թվականին հանդիսատեսների թիվը եղել է 43,7 մլն), իսկ ռեյտինգը՝ 18 տոկոս (2014-ին՝ 13,1):
Այդուամենայնիվ, «Օսկար»-ին հաջողվել է հանդիսատեսների թվաքանակով առաջ անցնել «Գրեմմի»-ից (24,8 մլն) եւ «Ոսկե գլոբուս»-ից (19,3 մլն):
Սոցցանցերում 21 մլն մարդ շուրջ 58 մլն գործողություն (հավանություն են տվել, գրել են մեկնաբանություններ) են կատարել՝ կապված արարողության հետ:
Փետրվարի 22-ին կայացած արարողության հաղթահերոսը դարձել է «Բյորդմեն» ֆիլմը, որը նվաճել է չորս արձանիկ: