Նիկոլայ Ծատուրյանը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի բեմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կբեմադրի ներկայացում՝ հիմնված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» հատվածների վրա: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տ եղեկացրեց թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Եթե ես այսօր բեմադրեմ ներկայացում այսօրվա մասին, ապա այն հետաքրքիր չի լինի, քանի որ դրա մասին արդեն խոսում են տրանսպորտում, արդեն քննարկվում են այդ թեմաները, իսկ երբ բեմից էլ խոսում են նույն թեմայի վերաբերյալ, մեր հոգիները հանգստանում են և մենք էլ չենք ուզում պինդ լինեն: Իսկ թատրոնը պետք է անի հարցադրում և լուծումը թողնի հանրությանը: Շատ կարևոր է, որ բեմադրության մեջ հնչի ինչ հետևանքներ կարող են հանգեցնել այսօրվա իրավիճակը», - նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Խոսելով հայ ժամանակակից դրամատուրգիայի մասին` նա առանձնացրեց Անահիտ Աղասարյանին, Գուրգեն Խանջյանին, Կարինե Խոդիկյանին, սակայն հավելեց, որ վերջերս նկատվում է նոր պիեսների սակավություն, ինչի պատճառը, ռեժիսորի կարծիքով, փոքր վարձատրությունն է:
«Ինձ որ ասում են, թե թատրոնը կմեռնի, պատասխանում եմ` դե թող մեռնի. կյանքում այնքան թատրոններ կան: Կնունքը թատրոն է, հարսանիքը թատրոն է, քաղաքականությունը թատրոն է, ամբողջ աշխարհի անց ու դարձերը թատրոն են: Դրանցից է ծնվել թատրոնը, և այն կգոյատևի», - հանզմունք հայտնեց Նիկոլայ Ծատուրյանը:
«Այսօր մեր կյանքում գերակշռում է ֆարսը: Միշտ ասում են, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, սակայն, միայն հումորը կփրկի աշխարհը»,- հավելեց թատերական գործիչը: