Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը կներկայացնի երկու ներկայացում՝ Վինա Դելմարի   /Ալվինա Քրոթեր/  "Հիշիր վաղվա օրը" մելոդրաման՝ բեմադրությունը Ռաֆայել Գրիգորյանի և Յուոզաս Գրուշասի  «Սեր, ջազ, սատանա» հոգեբանական դրաման` Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ: Եթե առաջինը թատրոնի խաղացանկում նորույթ է, ապա «Սեր, ջազ, սատանա»-ն արդեն հինգերորդ անգամ է լեցուն դահլիճ հավաքում, ունի իր հանդիսատեսը, ինչի գրավականը անկեղծությունն ու զգացմունքային դաշտի պոռթկուն իրավիճակներն են:

 

 «Տարիներ առաջ թատրոնն իր խաղացանկում ունեցել էր այս ներկայացումը, բայց երբ ինձ առաջարկվեց անդադառնալ Յուոզաս Գրուշասի այս գործին, ես համաձայնեցի միայն մի պայմանով՝ պիեսն արդեն թելադրում  է նոր բեմադրություն ու դերասանական կազմ, նոր մոտեցում ու նոր ասելիք: Այս խնդիրների մասին մեր դարում խոսելիս պետք է ավելի ազատ, դիպուկ ու անկեղծ  լինել: Ի դեպ, այդ անկեղծությունն  ու անմիջականությունը պահելու համար օգտագործված է ժարգոնային լեզուն, թեև որոշակի մտավախություն կար, որ գյումրեցի պահպանողական թատերասերը կարող է այն չընդունել, բայց, հուրախություն մեզ, ներկայացումը ոչ միայն ջերմ ընդունվեց, այլ նաև շարունակում է մեծ պահանջ ունենալ: Իսկ այն, որ այս դրաման արդիական է՝ այլ խոսք լինել չի կարող:

 

Սա յուրահատուկ կոչ է բոլորին, ոչ միայն երիտասարդներին: Մեր մեջ պակասել է սերը, ջազը, որը ոգեշնչումն է, ըմբոստությունն  ու կռիվը, իսկ սատանան՝ մեր յուրաքանչյուրի մեջ կա, ինչը պետք է փորձենք գտնել եւ ուղղել: Չնայած ներկայացման ավարտին գլխավոր հերոսուհին զոհվում է, բայց փորձել ենք լավատեսական շնչով ավարտել՝ աղջկա մահը փրկություն էր բոլորի համար: Փորձել ենք խոսել այն խնդիրների մ ասին, որոնց հասցեատերը երիտասարդն է: Ներկայացումը երիտասարդներին խորհելու բան կտա, բայց հուսով եմ, ներկայացումից հետո երիտասարդները կփորձեն իրենց ներսում գտնել այն սխալը, որը կա: Այս երիտասարդներն իմ համար հերոսներ չեն, այլ հակահերոսներ են, բայց այդ հակահերոսներն ինձ ուղղում ու հուշում են իմ հետագա անելիքը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

 

Բեմադրության ձևավորումը դարձյալ Լյուդվիգ Հարությունյանինն է, նկարչական ձևավորումն ու զգեստները` Անտոն Քեշիշյանինը: Գլխավոր դերերը մարմնավորել են Բաբկեն Զաքարյանը, Քրիստինե Զիրոյանը, Արսեն Միքայելյանը և Սարգիս Ղարիբյանը:

 

Արմենուհի Մխոյան