«Իմ փոքրիկ նավակից» մինչև «Սա Երևանն» է. «Խոսքեր»` «Ծեր գնչուհին», «Ձյուն», «Լավագույն տղերքը», «Մեր սիրո աշունը», «Եթե իմանայիր», «Բարի լույս, տիկին Արուս», «Ճերմակ ձիս» ու հարազատ դարձած այլ երգեր «Station» փաբում երեկ ստեղծել էին «հախվերդյանական» տրամադրություն:
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ այսպիսի հանդիպումներն ավելի շատ է սիրում:ESem.am-ի հետ զրուցում նա նկատեց, որ փոքր սրահներում ավելի անմիջական մթնոլորտ է ստեղծվում: «Այսպիսի համերգների ժամանակ դառնում ես մասնակիցներից մեկը, ոչ թե բեմում առանձին նստում ես, իսկ մյուսներն ունկնդրում են քեզ»,- ասաց երաժիշտը:
Հախվերդյանն իր գոհունակությունը հանեց, որ մարդիկ սիրում են երաժշտական այս ժանրը. «Սա ամենադեմոկրատական ժանրն է՝ փողոցային ժանրը, քաղաքային ֆոլկլորը, որը թույլ չի տալիս ոչ մի կեղծիք, սուտ, իսկ հիմիկվա երգիչ-երգչուհիները գիտեք ովքեր են…»:
Երաժիշտը նշեց, որ 2-3 երգ ունի, որոնք շատ է սիրում, դրանցից մեկը «Երևանի գիշերներում» ստեղծագործությունն է, սակայն այն կատարել չցանկացավ, խոստովանեց, որ այնպիսի տարիքում է, որ ճնշման հետ խնդիր ունի, այդ պահին էլ փոքր-ինչ վատ էր զգում: «Բացի այդ, ընկերս հիմա Բելգիայում ա, առանց նրա այս երգը կատարելը բարբարոսություն ա:)»,- հավելեց Հախվերդյանը:
Վերջին շրջանում ավելի քիչ նոր ստեղծագործություններ ներկայացնելը, ըստ Հախվերդյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ նա արդեն մոտենում է 70 տարեկանին: ESem.am-ի հարցին՝ հարուստ կեսափորձը չի՞ խթանում, որ նոր ստեղծագործություններ ներկայացնի, նա պատասխանեց, որ շուտով նոր ալբոմ կթողարկի երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ:
«CD-ն կթաողարկվի այն ժամանակ, երբ հովանավորներս մի քիչ առատաձեռն լինեն»,- ասաց նա: Մեր հարցին՝ այժմ հովանավոր գտնելու խնդի՞ր ունի, Հախվերդյանն արձագանքեց. «Բոլոր օլիգարխներն էլ հովանավորում են՝ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը»: Ըստ երաժշտի՝ գումարն ամեն դեպքում քչություն է անում:
Համերգը վայելեց Ամալյա Հովհաննիսյանը