Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում հայտարարվում է փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդից, մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած պաստառներով կթողարկվեն սահմանափակ քանակությամ բ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատրաստել և ներկայացնել փառատոնի ֆիլմերին առնչվող պաստառ: Մրցույթը բաց է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սիրողների համար: Պաստառները հարկավոր է ուղարկել [email protected]հասցեին մինչև փետրվարի 28-ը: Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:
«Ավանդաբար, փառատոնի շրջանակում հայտարարվում են մրցույթներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն ակտիվորեն ներգրավվում է փառատոնի միջոցառումներին: Այս տարի ևս ավանդույթը կշարունակվի, և, հուսով ենք, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն ֆիլմերը, այլև իր ներդրումն ունենալու փառատոնի գաղափարի տարածման գործում»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում ներկայացվում են՝ «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» բրիտանական ճանաչված ֆիլմերը։
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: