Իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահին, որը Բեռլինում «Ոսկե արջ» Է ստացել իր վերջին «Տաքսի» ֆիլմի համար, դիմել Է իր երկրի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ իր ֆիլմերի ցուցադրումը Իրանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Իրանական Ilna լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել Է, թե ուրախ Է իր հաղթանակի եւ իրանական կինոյի հաղթանակի համար, բայց իր ամենամեծ պարգեւը  կլիներ իր ֆիլմերը հայրնակիցներին ցուցադրելու հնարավորությունը, հարցազրույցից հատվածներ Է մեջբերում Variety-ն:

 

«Իշխանությունների ներկայացուցիչները մեզ մեղադրում են այն բանում, որ մենք ֆիլմեր ենք ստեղծում արտասահմանյան փառատոնների համար»,-ասել Է Փանահին, նշելով, որ ընդսմին երկրի ղեկավարությունը չի հիշատակում, որ այդ կինոնկարները պարզապես չեն թույլատրում ընդգրկել իրանական կինոթատրոնների վարձույթում:

 

«Տաքսի» ֆիլմում Փանահին ինքն Է խաղացել գլխավոր դերում՝ Թեհրանի փողոցներում երթեւեկող տաքսու վարորդի դերում: Սա երրորդ ֆիլմն Է, որը Փանահին նկարահանել Է 2010 թվականից ի վեր. այն բանից հետո, երբ նա հակակառավարական գործունեության համար դատապարտվեց վեց տարվա տնային կալանքի՝ կինո նկարահանելու արգելքով: Չնայած դատավճռին, Փանահին շարունակեց ֆիլմեր ստեղծել: «Սա ֆիլմ չԷ» կինոնկարը նա նկարահանել Է իր բնակարանում, իսկ «Փակ ցուցադրություն»-ը՝ քաղաքից դուրս գտնվող տանը:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ժապավենները մաքսանենգ ճանապարհով տարվել են արտասահման, որտեղ հեղինակավոր միջազգային փառատոններում ստացել են մի քանի մրցանակներ: Ներկայում փաստորեն ռեժիսորը չի պահպանում տնային կալանքի ռեժիմը, իսկ Իրանի գործող իշխանությունները դրա վրա աչք են փակում: Միեւնույն ժամանակ ռեժիսորին չի թույլատրվում հեռանալ երկրից, իսկ նրա ֆիլմերն Իրանում չեն ցուցադրում: