Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել Է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան՝ Պետեր Շտայնի բեմադրությամբ: Գերմանացի հայտնի ռեժիսորն առաջարկել է օպերային բեմի դասականի՝ Իտալիայում ամենապահանջված ստեղծագործության անսովոր տարբերակ:  Շտայնը խոստովանել Է, որ ձգտել Է «Աիդան» ոչ թե «վառ շոու» դարձնել հանրության համար, այլ նուրբ հոգեբանական դրամա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:    

 

«Մենք սովորել ենք կարծել, թե «Աիդան» ընդգրկուն ներկայացում է՝ տպավորիչ դեկորացիաներով և կոստյումներով, երթաքայլող ստատիստներով: Եվ ամբողջ ժամանակ՝ ֆո՛րտե: Բայց եթե մենք բացենք պարտիտուրը, ապա կտեսնենք միանգամայն այլ պատկեր: Օպերայի կեսից ավելին պիանո է և պիանիսիմո»,- ասել Է ռեժիսորը հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրա համոզմամբ՝ եթե պահպանենք բոլոր հեղինակային ցուցումները՝ «Աիդան» ճոխ շոուից վերստին կդառնա այն, ինչ մտահղացվել է,- «ինտիմ հոգեբանական դրամա»:   

 

«Մեր առջեւ դասական սիրային եռանկյունի է. երկու կանայք սիրում են նույն տղամարդուն: Մնացած բոլորը՝ քաղաքականությունը, պատերազմը, կրոնը, ինտրիգները, ֆոն են, որի վրա ծավալվում է գործողությունը»,- կարծում է Շտայնը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 77-ամյա Շտայնը XX դարի թատրոնի նորարարներից մեկն Է, վերջին 20 տարում ապրում է Իտալիայում: Առաջին անգամ նա օպերայի է դիմել տակավին 1976 թվականին, բեմադրել Է Զալցբուրգի փառատոնի համար: Իսկ 2000 թվականից մշտապես համագործակցում է «Լա Սկալայի» հետ: