Փետրվարի 14-ն է, բայց թախիծից բացի, ոչինչ չկա, քանի որ ընկերդ տանել չի կարողանում այս տոնը և արդեն պարզ հասկացրել է, որ ոչ մի հատուկ, ռոմանտիկ վերաբերմունք չի ցուցաբերելու: Ինչո՞ւ է այդպես ասում և ինչպե՞ս պիտի վարվել:

 

 

 

Ոչ մի անձնական բան…

Քո առաջին և բավականին տրամաբանական ենթադրությունը. «Սուրբ Վալենտինը մեր տոնը չի համարում, որովհետև ինձ չի սիրում»: Ամեն դպքում, այնքան էլ ողբալի չէ: Տղաները չեն սիրում վարդագույն սրտիկներ, փափուկ արջուկներ, կոնֆետներ, շիկահերների հաղթանակի և ռոմանտիկ «սրիկաների» մասին զգացմունքային կատակերգություններ: Միայն այն մտքից, որ մի երեկոյի ընթացքում մտածում ես այդ ամբողջի մասին, տղան կսարսափի և կաշխատի ճողոպրել` նախապատվությունը տալով ընկերների հետ ժամանակն անցկացնելուն:

 

Շատ տղաներ էլ տանել չեն կարողանում ցուցամոլությունը: Էլ ինչ սեր, որ պետք է հստակ  ամսաթվերի` Փետրվարի 14-ին, Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին ի ցույց դնել: Նա մտածում է, որ ավելի լավ է ամեն օր կողքիդ լինի, ի սրտե վիճի և հաշտվի, քան թե ծաղիկների մի ամբողջ պսակ քաղաքով մեկ տանի ու բերի, քանզի այդպես է ընդունված:

 

Փոքրիկ  թեստ. ի՞նչ կլինի, եթե…

Եթե ընկերդ չի ցանկանում սիրահարների տոնը քեզ հետ անցկացնել, ապա հնարավոր է`  մեկ ուրիշի հետ էլ է հանդիպում: Տխուր է, բայց ավելի լավ է միանգամից ճիշտն իմանալ, քան տառապել անորոշությունից:

 

  1. Նրա հիասթափությունը Սուրբ Վալենտինի օրվա նկատմամբ շատ անբացատրելի և հանկարծակի է առաջացել: Դեռևս անցյալ տարի նա չէր խորշում սրտիկներ ներկել քեզ համար,  իսկ այս տարի հայտարարեց, որ ամբողջ օրը պետք է հեռուսատցույցի առջև անցկացնի` մարտաֆիլմ դիտելով և խնդրեց, որ իրեն չանհանգստացնես:
  2. Սիրահարների օրն ամբողջ օրը փորձում ես նրան զանգել, սակայն զանգերիդ չի պատասխանում, հետո էլ անջատում է հեռախոսը:
  3. Նա խնդրում է իր համար ոչ մի նվեր չպատրաստելս, դու էլ փորձում ես բացատրել, որ ոչ մի պատասխան նվերի չես սպասում և ուղղակի ցանկանում ես նրան հաճելի նվեր մատուցել:
  4. Դեռ տոներից մի քանի շաբաթ առաջ իրեն շատ վատ է պահում և այնպիսի տպավորություն է, որ հատուկ վեճ է փնտրում:
  5. Նա ավելի քիչ է պատմում քեզ, թե որտե՞ղ է եղել, ի՞նչ է արել և, ընդհանրապես, քեզ հետ քիչ ժամանակ է անցկացնում:

Եթե կարող ես 3 կամ ավելի հարցերի վստահորեն «այո» պատասխանել, ապա արդեն շատ լուրջ զրուցելու ժամանակն է:

Ի՞նչ անել…

Տխուր նստած` վահանակով հեռուստացույցի ալիքներն ես փոխում և կենտրոնանում տնային ձանձրալի մենության մեջ: Իզուր: Եթե ընկերդ չի սիրում ռոմանտիկ միապաղաղություն, ապա ի՞նչն է խանգարում, որ երեկոն անցկացնեք առանց վալենտինյան ատրիբուտների:

  1. Մի քարշ տուր նրան այնպիսի վայրեր, ուր շտապում են գրեթե բոլոր սիրահարները: Հակառակ դեպքում նա կկասկածի, որ ոչ մի հույս չես թողել երեկոն անցկացնել այնպես, ինչպես ինքը կցանկանար և, լավագույն դեպքում,  կնեղանա քեզնից:
  2. Եթե ծնողներդ դեմ չեն, ապա նրան հրավիրիր ձեր տուն, թխվածք պատրաստիր, թեյ հյուրասիրիր և նրան հետաքրքրող թեմայից խոսիր: Մի խոսքով, թող լիցքաթափվի և հասկանա, որ Սուրբ Վալենտինի օրը սիրած աղջկա հետ անցկացնելիս վարդագույն «դժոխային» փայլերն ու սվսվոցներն ամենևին էլ կարևոր չեն:
  3. Եթե չեք ուզում տանը նստել, կարող ես նրան կինոթատրոն հրավիրել` որևէ հետաքրքիր ֆիլմ նայելու, ընդ որում` ցերեկային ժամի, քանի դեռ սիրահարված օրիորդները հայելիների առջև կանգնած պատրաստվում և իրենց ասպետներին են սպասում: Թող համոզվի, որ իր համար միայն աղջիկ չես, այլև շատ լավ ընկեր ես, և կարող է առանց քաշվելու շատ լավ ժամանակ անցկացնել:
  4. Քանի որ ընկերդ ծանոթ չէ տոնի պատմությանը, ինչի պատճառով էլ կտրականապես դեմ է այդ օրվան, պատմիր նրան, որ Վալենտինն այն մարդն է, ում պատվին էլ հենց  կոչել են այդ տոնը, և որ նա բարձերի վրա սրտիկներ չի ասեղնագործել, այլ թաքուն ամուսանցրել է սիրահար զույգերին, ինչի պատճառով էլ գլխատել են նրան: Այս տոնը վերածնվել է 19-րդ դարում, քանի որ երիտասարդները, կարոտելով անցած դարի ասպետությունը, թղթե սրտիկների վրա ծանոթ աղջիկների անուններ էին գրում և հերթով գլխարկի միջից հանում թղթիկները` ընտրելով այն հրաշալի օրիորդին, որն ամբողջ հաջորդ տարին իրենց հետ էր լինելու:
  5. Տոնը երկուսով անցկանցնելը քեզ համար է՞լ է ձանձրալի: Մեծ խնջույք կազմակերպիր և պայմանավորվիր ընկերոջդ հետ, որ հրավիրի իր չամուսնացած ընկերներին, դու էլ քո ազատ ընկերուհիներին հրավիրիր: Կարող եք սրճարանում լավ ժամանակ անցկացնեք` մեծ սեղանի շուրջ` կատակելով աղջիկների զուգվա-զարդարված տեսքի և տղաների թթված դեմքերի վրա: Հնարավոր է` այդպիսի խնջույքից հետո ընկերուհիներիցդ որևէ մեկն ու  նրա ընկերներից մեկը ձեզ` երկուսիդ,  հետագայում շնորհակալություն հայտնեն:

Ոչ միայն դա

Եթե տանջվում ես այն մտքից, որ հնարավոր է սիրահարների տոնն առանց ռոմանտիկայի անցնի, քանի որ ընկերդ չի էլ ուզում լսել դրա մասին, մի՛ արա այնպիսի բան, որի համար հետո կզղջաս: Մի՛ առաջնորդվիր հույզերով և սխալներ թույլ մի՛ տուր:

  • Խանադավառությամբ մի՛ պատմիր, որ կա ուրիշ մեկը, որի հետ կարող ես օրդ անցկացնել և մի՛ փորձիր նրան բարկացնել: Տղաների համար ինքնահարգումն ու անձնական արժանապատվությունը շատ նուրբ գործիքներ են և նրանց հետ կոպիտ վարվելը կարող է եղերական արդյունքների հանգեցնել:
  • Քիթդ ցից` արկածներ որոնելու մի՛ գնա: Տեղական ռոք խմբերի համերգին միայնակ ներկայանալը միայն ֆիլմերում կարող է դրական ավարտ ունենալ:
  • Մի՛ զարմացիր նախկին ընկերոջդ զանգերից և հանդիպման հրավերներից: Առաջին հերթին` նպատակին հասնելու համար մարդկանց` որպես գործիք օգտագործելը ճիշտ չէ, երկրորդ` պատկերացրու` որքա՞ն վիրավորական կլինի, որ նրանք բոլորը նոր ընկերներ ու երեկոյի համար նոր ծրագրեր ունեն:

 

                                                                                                                                                                           ESem.am