Իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  Անվանի արտիստը հայկական բեմում կատարեց Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Իրադարձության ընթացքում ներկայացվեց նաև Ռախմանինովի «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան:


Համերգային երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես եկավ ՀՀ վաստակավոր  արտիստ Կարեն Դուրգարյանը: Միջոցառման նախաձեռնողներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: 

 

Դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը շատ ուրախ է լինել Հայաստանում: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում պետք է հանդես գար դեռևս նախորդ տարի:

 

«Գիտեմ, որ 2015-ը շատ կարևոր տարի է ձեզ համար՝ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես պաշտում եմ Արամ Խաչատրյանի գործերը: Իտալիայի կոնսերվատորիայում նաև Խաչատրյանի գործերն են սովորեցնում: Հիշում եմ, որ փոքր տարիքում միջազգային մրցույթների մասնակցելիս կատարել եմ նաև նրա գործերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ավելի վաղ ասել էր դաշնակահարը:

 

Անտոնիո Կոնսալեսը դեռ վաղ տարիքից հանդես է եկել միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցույթներում ՝ արժանանալով գլխավոր մրցանակների: Երաժիշտը աշխարհի տարբեր երկրներում հաճախ անցկացնում է նաև վարպետության դասեր: Կոնսալեսի կատարումները մշտապես բարձր գնահատականի են արժանանում երաժշտագետների կողմից: