Այս օրերին բուռն քննարկվում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) նկարահանած «Հիշողություն» ֆիլմը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն արդեն մեծ աղմուկ է առաջացրել. փակ դիտմանը ներկա եղած մարդկանցից շատերը բացասական են արտահայտվել դրա մասին:

 

 

Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար փետրվարի 10-ին, սակայն հետաձգվել է: Այս մասին ESem.am-ին հայտնեցին Մոսկվա կինոթատրոնից: Թե երբ կկայանա առաջնախաղը, նրանք տեղեկություն չունեին:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ևս խաղացել է «Հիշողության» մեջ: ESem.am-ի հետ զրույցում նա դժվարացավ կարծիք հայտնել ֆիլմի մասին, քանի որ ներկա չի եղել փակ դիտմանը: «Չեմ ուզում անդրադառնալ մարդկանց մեկնաբանություններին, քանի դեռ չեմ ձևավորել իմ տեսակետը»,- ասաց նա և նշեց, որ ֆիլմում փոքրիկ դեր է խաղում: «Դերասանուհու կերպար է, ով ցեղասպանության տարիներին մարմնավորում է արվեստը ներկայացնող կնոջ, ցույց է տալիս, որ հայը միշտ է ունեցել իր մշակութային մեծ արժեքները՝ թեկուզ փոքրիկ գյուղաքաղաքում»,- հավելեց Լուիզան:

 

 

Դերասանուհու փոխանցմամբ՝ գաղթի ճանապարհին իր հերոսուհին ենթարկվում է բռնության թուրքերի կողմից: «Մահվանից առաջ նա ասում է իր վերջին խոսքը՝ թատերական մենախոսությամբ իր հոգու և սրտի ճիչն է հայտնում, իսկ վերջում ինքնասպանություն գործում,- ասաց Լուիզան՝ ավելացնելով,- Կերպարը հիմնական չէ, սակայն ես շատ եմ սիրել իմ այն»:

 

Լուիզան ասաց, որ չգիտի՝ ֆիլմն ինչ արդյունք կտա և ինչ մեկնաբանություններ կհնչեն դրա վերաբերյալ, սակայն ինքը հաճույքով է համաձայնել նկարահանվել: «Ե՛վ կերպարն էր ինձ շատ մոտ, և՛  ի վերջո՝ ես դերասանուհի եմ ու արդեն պատրաստ եմ եղել աշխատելու ցեղասպանության մասին ֆիլմում»,- եզրափակեց նա: 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը