Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հունվարի 29-ին ՌԴ մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մոտ ելույթ է ունեցել Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ներ կայացվել են Ս. Ռախմանինովի «Վոկալիզ»-ը, Պագանինիի թեմաներով ռապսոդիան, դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ միջազգային մրցույթների հաղթողԱնդրեյ Գուգնին), Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը։

 

ՌԴ դաշնային պետական բյուջետային մշակութային հաստատության  հրավիրյալ կատարողների հետ տարվող աշխատանքների ղեկավար Եկատերինա Պոլոժենցևան, խոսելով համերգի մասին, նշել է, որ տպավորությունները շատ մեծ են։ «Հետաքրքիր էր լսել, թե ինչպես է հնչում նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանի հետ առաջին անգամ չենք աշխատում. մենք շատ լավ ենք վերաբերվում նրան, և ինչպես միշտ, նա արդարացրեց մեր սպասելիքները»,- ասել է Եկատերինա Պոլոժենցևան՝ ավելացնելով, որ հանդիսատեսը նույնպես մեծ ջերմությամբ ընդունեց ելույթը։ 


Մոսկովյան ելույթը Սերգեյ Սմբատյանի` այս տարի արդեն երկրորդ արտասահմանյան համերգն էր։ Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, ասմունքող Ջոն Մալկովիչի հետ նույն բեմում հանդես է եկել Սեուլում՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։


Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1943թ. և Ռուսաստանի ամենաերկար ուղի անցած ու հեղինակավոր նվագախմբերից մեկն է։ Նվագախմբի պատմության նոր դարաշրջանը սկսվել է Պավել Կոգանի ղեկավարությամբ։ Մաեստրոն Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է 1989թ.-ին։ Վերջին 25 տարիներին նվագախումբը ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրա նսիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Չինաստանում և այլն։