France 2 հեռուստաալիքը հունվարի 29-ին կրկին կցուցադրի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հեռուստաալիքի պաշտոնական՝ france2.fr կայքը, «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը և Դամիեն Վերկամերը: Կինոնկարը հունվարի 20-ին արդեն իսկ ցուցադրվել և հետաքրքրություն էր առաջացրել, և հեռուստաալիքը որոշել է այն կրկին ցուցադրել բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել այն դիտել: Վավերագրական կինոնկարի տևողությունը մեկ ժամ 40 րոպե է:
Հեռուստաալիքի կայքը նշում է, որ Ազնավուրի երգերը, ինչպես օրինակ «La Bohème»-ը, «Emmenez-moi»-ն և «Les Plaisirs démodés»-ը հայտնի են բոլորին և նրա գեղարվեստական ժառանգության մի մասն են կազմում, սակայն հերոսը՝ Ազնավուրը մնում է առեղծված: Ֆիլմը ներկայացնում է Ազնավուրի առաջին քայլերը և անցած ուղին: Ազնավուրը պատմում է իր մանկության, իր ընտանիքի մասին և այն, թե ինչպես իր կյանքը նվիրեց երաժշտությանը և բեմին: Նշվում է, որ Ազնավուրն իր մեծ քթով և խռպոտ ձայնով բազմաթիվ քննադատությունների էր արժանացել:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներ ում, այդ թվում` նաև Հայաստանում: